ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լուրջ մտահոգություններ ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի`ՀԱՊԿ-ի մասին արած հայտարարության հետ կապված: Բելառուսի նախագահը, հիշեցնենք, երեկ հայտարարել էր, որ ժամանակին ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում իրենք այլ թեկնածու էին առաջադրել, բայց իրենց չէին լսել: «Լուկաշենկոյի հայտարարությունը եւս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանին ոչ ոք ՀԱՊԿ-ի պաշտոնն օդից չի տվել: Սերժ Սարգսյանի իշխանությունն արել է ամեն ինչ, որպեսզի այդ հեղինակավոր միջազգային կազմակերպությունում Հայաստանը ստանձնի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Աստված մի արասցե, եթե ապագայում ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի նախագահությունը հասնի այլ երկրի, այստեղ քաղաքական պատասխանատվությունը պետք է ընկնի Փաշինյանի կառավարության վրա»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության մասին` Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կառավարման երեք ամիսների ընթացքում այդ կառավարությունն այնքան շատ սխալներ է արել, որ դրանք միանգամայն «փակում» են ՀՀԿ-ի կառավարման սխալները: Բայց, ըստ Էդուարդ Շարմազանովի, իրենք չեն ուրախանում այդ սխալներով. «Որեւէ մեկի մոտ թող կարծիք չձեւավորվի, որ մենք ուրախանում ենք` Լավրովն էս ինչ լավ հայտարարություն արեց, կպավ Փաշինյանին, կառավարությանը, Սվիտալսկին ասեց` բա որ փող եք ուզում, ինչի՞ հստակ դիրքորոշում չունեք, կամ ԱՄՆ դեսպանը կանգնում, ասում է` ներդրումային ծրագրեր նախատեսված չեն Հայաստանում»:
Ի դեպ, օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքում նրա ելույթը Էդուարդ Շարմազանովը գնահատում է ոչ թե երկրի ղեկավարի ելույթ, այլ «ամբոխավար գործչի, ով մեկ պահ մոռացել էր, որ երկրի թիվ մեկ պաշտոնյան է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ