2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Խմբի անմիջական պարտականություններն են մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրել ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, ինչպես նաեւ ապահովել բանավոր եւ գրավոր բողոքների պատշաճ քննարկումը: Աշխատանքային խումբը պատասխանատու կլինի նաեւ իրավական խորհրդատվության եւ քաղաքացիների ընդունելության, ինչպես նաեւ արագ արձագանքման այցերի համար:
Բողոքների եւ հրապարակումների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության ներքո կլինեն լրագրողների եւ դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը:
Խմբի առաջնահերթ խնդիրն է սերտ համագործակցել իրավասու մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև ընտրական գործընթացին ներգրավված՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ: Աշխատանքային խմբին հանձնարարված է նաեւ ընտրական գործընթացների շրջանակներում սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու պետական մարմինների հետ:
Ինչպես մշտապես, այնպես էլ ընտրական ողջ գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի անաչառության, հրապարակայնության ու թափանցիկության եւ Սահմանադրությամբ ամրագրված մյուս սկզբունքների հիման վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ