«Դիվանագիտական հարաբերությունների 27-ամյա պատմության մեջ սա նման մակարդակով առաջին այցելությունն էր Հայաստան»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հարցին՝ միայն սելֆինե՞րը մեզ մնացին, թե՞ որոշակի պայմանավորվածություն ձեռք բերվել է կոնկրետ ներդրումների առումով, Աննա Նաղդալյանը վստահեցրեց՝ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Այնուհետև մանրամասնեց. «Գերմանիայի կանցլերի՝ ՀՀ այցի օրակարգը ներառում էր ինչպես երկկողմ, բազմակողմ հարաբերությունների խորացման հարցեր, այնպես էլ տարածաշրջանային, միջազգային նշանակության հրատապ խնդիրներ: Այն հանգամանքը, որ կանցլերի պատվիրակության մեջ ընդգրկված էին մեծ թվով խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, վկայում է առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու՝ երկկողմ նպատակաուղղվածությունը: Հստակ պայմանավորվածությունները վերաբերում են և՛ ներդրումներին, և՛ համատեղ ծրագրերին: Հայկական կողմը հստակ առաջարկություններ և ծրագրեր է ներկայացնելու»:
Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրեց՝ Գերմանիայի կանցլերի հետ քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգի, վիզաների ազատականացման հարցեր և ստացել գերմանական կողմի հստակ հավաստիացումներ:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Գերմանիայի դիրքորոշմանը՝ Աննա Նաղդալյանը նշեց. «Գերմանիան հետաքրքրված է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմամբ: Իսկ դրան հասնելու լավագույն բանալին խաղաղության միջավայրի ձևավորումն է: Ադրբեջանի, Արցախի շփման գծի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրադրության սրումը, պատերազմի քարոզչությունը, այլատյացության սերմանումը պետք է հստակ մերժել, և սրանք են եղել Գերմանիայի՝ ԵԱՀԿ-ում նախագահության առաջնահերթությունները 2016-ին, որոնք առավել հստակ բարձրացվել են ապրիլյան ագրեսիայից հետո»:
Աննա Նաղդալյանն ասաց, որ Գերմանիայի կանցլերն այցի ընթացքում ևս մեկ անգամ վերահաստատել է, որ իրենք հանձնառու են հակամարտության խաղաղ կարգավորմանը և շեշտել, որ կարգավորումը պետք է տեղի ունենա այն մթնոլորտում, որ բոլոր կողմերը պատրաստ լինեն դրան: Նաև կանցլերը շեշտել է, որ պատրաստ են իրենք քաղաքական պատասխանատվություն ստանձնել այս հարցում: Եզրափակելով թեման` Աննա Նաղդալյանը նշեց. «Գերմանիան որպես ԵՄ առաջատար պետություն շահագրգռված է տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմամբ: Կանցլերը շեշտեց՝ պետք է հակամարտության գոտում բնակվող անձանց խնդիրներին իրական լուծումներ տրվեն»:
Լրագրողների հարցին՝ Գերմանիայի կանցլերի այցի վերաբերյալ գերմանական կողմը տեսանյութեր էր պատրաստել, գերմանական կողմը տեսանյութեր է պատրաստել, որտեղ երևում են հայաստանյան կադրեր, բայց ներկայացվում են որպես Ադրբեջանում կատարված նկարահանումներ, հետևաբար ի՞նչ քայլեր է ձեռնարկել ԱԳՆ-ն, մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց. «Մենք էլ ենք նկատել այդ սխալները, որոնք կատարվել են սոցիալական հարթակներում: Կապ ենք հաստատել մեր գործընկերների հետ, ուղղակի մարդկային սխալմունք է տեղի ունեցել»:
Aravot.am-ը դիտարկմանը՝ դրսի ներդրողներն անհամբեր սպասում են Լիդիանի գործի ավարտին, որ տեսնեն` ներդրումներ անե՞ն, թե՞ ոչ, հետևաբար ո՞նց եք վերաբերվում դրսի որոշակի կասկածամտությանը եւ ոչ խանդավառությանը մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնական սկզբունքն է, որպեսզի դրսում ներկայացնի ՀՀ-ի ներդրումային հնարավորությունները, իսկ ԱԳ նախարարության առաքելությունն է, որ աջակցի հայ տնտեսվարող սուբյեկտներին` առավել արդյունավետ գործել արտերկրում: Լիդիանի գործով կարծում եմ՝ հարցը ոչ այդքան դրա համար պատասխանատու գերատեսչությանն եք ուղղել»:
Մեր մյուս հարցին՝ ՀՀ վարչապետի` արտաքին հարցերով խորհրդական Արսեն Խառատյանի հրաժարականը և նաև «Լիդիանի» գործը չե՞ն խոչընդոտում արտաքին դիվանագիտական գերատեսչության աշխատանքին, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Պարոն Խառատյանն անձամբ է գրել, որ իր դիմումը պայմանավորված է ընտանեկան խնդիրներով, ուստի այստեղ ավելացնելու բան չունեմ: Ընդհանրապես չեն խանգարում, ավելին ասեմ, ԱԳՆ-ի գործունեությունը բնականոն ընթանում է»:
Մեր հստակեցմանը՝ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատարի հետ ճեպազրույցների ձևաչափն ավանդակա՞ն է լինելու, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Այս ձևաչափը ապացուցում է արդյունավետությունը, և այն պահպանելու ենք, քանի որ թևակոխում ենք ավելի ակտիվ արտաքին քաղաքական փուլ, ուստի քննարկում ենք ճեպազրույցների՝ առավել հաճախ, շաբաթական դարձնելու հնարավորությունը»:
Աննա Նաղդալյանը տեղեկացրեց՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում միջոցառումները լինելու են բացառապես ֆրանսերեն լեզվով. միայն վերջին եզրափակիչ ասուլիսն է լինելու թարգմանությամբ:
Այժմ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ: Սեպտեմբերի 10-14-ը պաշտոնական այցով ՀՀ-ում է գտնվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերին կայցելի Ժնև:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մի «վրիպակ» էլ ես էի նկատել, երբ տիկին կանցլերն Ինստագրամի իր էջում աւելացրեց (հաւանաբար խօսքը սրա մասին է): Դա իսկապէս վրիպակ էր, բոլորիս հետ էլ կարող է պատահել: Չարժի դրանից պատմութիւն սարքել:
Աւելին ասեմ. եթէ բծախնդիր լինենք, կը համաձայնէք, որ նոյնսիկ սխալ բան չկար:
Մարդը Երեւանի նկարն էր տեղադրել իր Instagram Story-ում ու վրան գրել. «Կովկասեան այցի երրորդ օր. Բարի լոյս Ադրբեջանից» (նա այդ պահին արդէն Ադրբեջանում էր): Այսինքն՝ Ինստագրամի ” Photo location” ֆունկցիա չէր կիրառել, այլ պարզապէս տեքստ էր գրել, որը սխալ չէր: