Օրերս ՀՀ-ում սննդամթերքի արտադրությունում տեխնիկական աղի (նախատեսված չէ օգտագործել սննդի մեջ) օգտագործման մասին ահազանգից հետո «Ավանի աղի կոմբինատի» տնօրեն Արեգ Ղուկասյանը դիմել է պատկան մարմիններին ու որոշակի տվյալներ ներկայացրել. արձագանք կա: «Ինձ էլ են զանգում պատկան մարմիններից, հետաքրքրվում՝ ի՞նչ, ինչպե՞ս: Մասնավորապես, ՊԵԿ-ից եմ զանգ ստացել, դեռ պատասխան չկա, հուսամ՝ արդյունքը կտեսնենք: Կարծում՝ ՊԵԿ-ը եւս պետք է զբաղվի այս հարցով, քանի որ այդ աղը ներմուծողները չափազանց ցածր գնով են մաքսազերծում այն»,-Aravot.am-ին փոխանցեց Արեգ Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ թեեւ իր մամուլի ասուլիսից հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարեց, որ երեք հացի փռում է հայտնաբերել տեխնիկական աղի օգտագործման փաստ, ավելի լայնածավալ ստուգումներ պետք է անել՝ ոչ միայն հացի, այլեւ այլ սննդամթերքի՝ մսի, պահածոների, կիսաֆաբրիկատների, ձկնեղենի արտադրություններում. «Եթե տեսչական մարմինն ավելի շատ տեղեր գնար՝ ավելի շատ կհայտնաբերեր նման դեպքեր, որովհետեւ, վերջիվերջո, 2000 տոննա տեխնիկական աղ է սպառվել»:
Արեգ Ղուկասյանը դիմում է այն անհատներին եւ ընկերություններին, որոնք սննդի արտադրման ընթացքում տեխնիկական աղ են կիրառում. «Այն մի քանի կոպեկը, որ տնտեսում են՝ կերակրի աղի փոխարեն տեխնիկականն օգտագործելով, իրենց իսկ երեխաների առողջության վրա է ազդելու: Այս ամենի հետեւանքը տարիներ հետո ենք տեսնելու, երբ հանրությունը կսկսի հիվանդանալ: Հազար անգամ ավելի շատ գումար ենք ծախսելու՝ հիվանդություններից բուժվելու համար: Այդ տնտեսած կոպեկները չարժեն հանրության առողջությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Սննդի արդյունաբերության մեջ տեխնիկական աղ օգտագործողների ցանկը անհրաժեշտ է հրապարակել: