«ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը քարոզչական քայլ է, որը նախաձեռնել է իշխանությունը՝ մի քանի դրդապատճառներով ու նպատակներով,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերին, թե Ադրբեջանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ որպես կառույցի դիտորդ-գործընկեր երկիր անդամակցելու նպատակով (հարցը, ըստ տեղեկությունների, ՀԱՊԿ-ում քննարկվելու է նոյեմբերին), ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Աշոտ Մովսիսյանը: Նա մասնավորեցրեց, որ դրդապատճառներից մեկը ՀԱՊԿ-ում ՀՀ-ի դերի որոշակի թուլացումն է եւ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված անորոշ իրավիճակը. «Ադրբեջանը փորձում է օգտվել իրավիճակից եւ խորացնել ՀՀ-ի խնդիրները՝ այդ թվում Ռուսաստանի հետ հարաբերություններում կնճիռներ առաջացնելով: Այսինքն, Ադրբեջանը փորձում է հրահրել որոշակի քայլեր, որպեսզի ՀՀ-ի կողմից էլ որոշ քայլեր ձեռնարկվեն ու վնասեն ՀԱՊԿ-ում մեր իսկ դիրքերին ու հայ-ռուսական հարաբերություններին»:
Մյուս դրդապատճառը, ըստ Աշոտ Մովսիսյանի, կասպյան համաձայնագրի արդյունքում Ադրբեջանի շուրջ ստեղծված դրական տրամադրվածություններն են. «Այդ տրամադրվածություններն Ադրբեջանը փորձում է տեղափոխել գործակցության հետագա դաշտեր՝ ցույց տալով, թե կարող է լեզու գտնել նաեւ Ռուսաստանի հետ այլ հարցերում: Սրանով Ադրբեջանը փորձում է հանրային տրամադրվածությունը ստուգել՝ հասկանալու համար, թե արդյոք հասարակությունը պատրա՞ստ է Ռուսաստանի հետ գնալ նաեւ ռազմաքաղաքական գործակցության»:
Փորձագետի գնահատմամբ՝ ադրբեջանական հանրությունը պատրաստ չէ ՌԴ-ի հետ նույն ռազմաքաղաքական դաշինքում՝ ՀԱՊԿ-ում գտնվել. «Դա պայմանավորված է նաեւ Արցախյան հարցով, ՀՀ-ՌԴ սերտ հարաբերություններով: Մյուս կողմից, Ադրբեջանի հասարակությունը եւ իշխանության հիմնական մասն իրականում բացառում են ՀՀ-ի հետ նույն ռազմաքաղաքական կառույցում հանդես գալը»: Աշոտ Մովսիսյանը բացառում է, որ Ադրբեջանը ներկայում դիտորդի կարգավիճակում կգործակցի ՀԱՊԿ-ի հետ. «Ադրբեջանի իշխանությունների որդեգրած քաղաքական ուղեգիծը վերջինիս թույլ չի տալիս գործակցել ՀԱՊԿ-ի կամ մեկ այլ ռազմական-քաղաքական-տնտեսական դաշինքի հետ»:
Մեր զրուցակցի խոսքով՝ նշյալ դիտարկումները ենթադրում են, որ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը քարոզչական բնույթ ունի եւ միտված է Ադրբեջանի հանրության տրամադրվածությունը ստուգելուն: Բացի այդ, ինչպես Աշոտ Մովսիսյանը նշեց, այդ քարոզչական հնարքի սլաքներն ուղղված են նաեւ Թուրքիա-ՆԱՏՕ սրված հարաբերություններին. «Իր «եղբայր» Թուրքիային օգնելու համար Բաքուն ՀԱՊԿ-ին անդամակցելու թեզ է առաջ քաշում, որպեսզի Արեւմուտքին ասի, թե Ադրբեջանը մի օր կարող է հանդես գալ այլ ռազմաքաղաքական դաշինքում, որը փաստացի ՆԱՏՕ-ի հակառակորդն է: Այսինքն, Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ եթե ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները սրվեն, դրանից կտուժեն նաեւ ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ