Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ մի օր ես, Նիկոլն ու Արամը կհավաքվենք ու կհայտարարենք, որ «Ելք» դաշինքն այլեւս չկա, կասեք, որ «Ելք»-ը չկա». Էդմոն Մարուքյան

Օգոստոս 28,2018 14:00

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ անգամ չենք քննարկել միասին մասնակցելու հարցը: Հարցը չի հասել նրան, որ նույնիսկ չհամաձայնենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Լրագրողները հետաքրքրվել էին`Երեւանի ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների մասնակցությունը «Լույս» դաշինքով, արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագրի» հետ անհամաձայնության եւ հակասությունների արդյունք էր: «Մեր գործընկերները որոշել են մասնակցել մի ուժով, իսկ մենք որոշել ենք մասնակցել երկու ուժով: Այստեղ որեւէ հարց չկար չհամաձայնելու»,- ասաց Էդմոն Մարուքյանը, հավելելով, որ ՔՊ-ի հետ իրենք «բնական դաշնակիցներ» են, ինչը, իր կարծիքով, բոլորի համար ակնհայտ է:  Ինչ վերաբերվում է ՔՊ-ի հետ համագործակցությանը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ համագործակցության «դուռը միշտ բաց է»:

Լրագրողները հետաքրքրվեցին` ի՞նչ ակնկալիքներ ունեն ավագանու ընտրություններից, հաշվի առնելով, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը մեծ է: Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք բոլոր 11 թեկնածուներին էլ համարում են լուրջ մրցակիցներ, բայց միաժամանակ ինքը կարծում է, որ Արտակ Զեյնալյանը եւ իրենց թիմը հզոր է. «Մենք լավ շանսեր ունենք: Վերջին 15-20 տարիների ընթացում առաջին անգամ լինելու է արդար ու հավասար ընտրություններ: Երեւանի բնակիչները կորոշեն, թե ով է լինելու Երեւանի քաղաքապետը, հարցումներն էլ չունենք, որ ասեմ, թե ո՞վ ինչքա՞ն ձայն ունի»:

Նա կարծում է, որ ընտրական գործընթացներն ուղեկցվելու են թեժ բանավեճերով եւ ծրագրերի ներկայացմամբ: «Այն, որ ուժերն աջակցում են կառավարությանը, դա դեռ չի նշանակում, որ համաձայն են մեկը մյուսի ներկայացրած կառավարման մոդելի հետ: Բանավեճերը սրա շուրջ պետք է լինեն, այլ ոչ թե նախկին քաղաքական մշակույթի պես, որ մեկը մյուսի վրա ցեխ շպրտի»:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափերի մասին Էդմոն Մարուքյանը չի ցանկանում խոսել այն պարզ պատճառով, որ դրանց անցկացման  ժամկետները դեռ հայտնի չեն: Որոշումներն, ասում է, կկայացնեն ըստ հետագա հստակեցումների:

Էդմոն Մարուքյանը չի կիսում լրագրողների այն դիտարկումները, որ «Ելք» դաշինքն այլեւս գոյություն չունի: Էդմոն Մարուքյանը հիշեցրեց համատեղ հուշագրի մասին.  «Երբ մի օր ես, Նիկոլն ու Արամը կհավաքվենք ու կհայտարարենք, որ «Ելք» դաշինքն այլեւս չկա, հուշագիր այլեւս չի գործում, այն ժամանակ կասեք, որ «Ելք»-ը չկա»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031