Կառավարությունն առաջարկում է օրենքով նախատեսված թույլատրելի 170 մլն խմ ջրառից բացի Սեւանա լճից լրացուցիչ 40 մլն ջրառ անել: Այսօր ԱԺ-ում այդ հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը, Լենա Նազարյանը քննադատում էին, երբ ՀՀԿ-ի իշխանությունն էր նույն նախաձեռնությամբ հանդես գալիս ու մեծ է գայթակղությունը նրանց՝ նախկինում հայտնած խոսքերից մեջբերումներ անելու:
Այսօր բնապահպանական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելիս` «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ասաց. «Ինչպես միշտ, ջուր չկա, ի՞նչն է անցած եւ այս տարվա տարբերությունը այս նախագծերի քննարկման: Անցած տարիներին սա պայմանավորում էին սակավաջրությամբ, ասում էին՝ անձրեւ չի եղել, երաշտ է, եւ որեւէ այլ պատճառ չէին նշում: Այսօր հանձնաժողովում բոլորովին այլ պատկեր էր՝ մենք վերջապես ոլորտի պատասխանատուից լսեցինք ոչ միայն եղանակի տեսության հաղորդումներ, այլեւ իրական պատճառներ, թե ինչու է տարեցտարի Սեւանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն առաջանում: Պատճառ առաջին՝ 15 տարի շարունակ ամեն տարի Արարատյան արտեզյան ջրավազանից ջրառը նորմայից գերազանցել է 660 մլն խմ-ն: Պատճառ երկրորդ՝ ջրամբարները բարվոք վիճակում չեն, կան ահռելի կորուստներ. Մայր ջրանցքներում՝ 27,5 տոկոս կորուստ, ներտնտեսային ցանցում՝ 43 տոկոս կորուստ: Այսքան կորուստներ ենք ունենում, մինչեւ ջուրը հասնում է հողատարածքներ: Կան գողություններ, եղել են, հիմա էլ կան, կան ապօրինի հորեր: Ոչ ճիշտ, անխնա, անպատասխանատու կառավարումը, ջրային ռեսուրսի գողությունն ու կոռուպցիան հանգեցրել է այսպիսի իրավիճակի, որ մենք ստիպված փաստի առաջ ենք կանգնել եւ պետք է ինչ-որ լուծում տանք՝ հավելյալ 40 մլն ջրառ անելով Սեւանից: Այնուամենայնիվ, կառավարության մոտեցումը ողջունելի է, որ Սեւանա լիճը ոռոգման ջրի տարածք չէ, եւ մյուս տարիներին պետք է ամեն ինչ արվի, որ այլեւս ջրառ չանենք: 2000 թվականից առաջ Սեւանից ջրառ արվել է ընդամենը 5 մլն խմ: Սրանք պաշտոնական թվերն են»:
Լենա Նազարյանն ասաց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, քանի որ իսկապես կա անհրաժեշտություն` ջրառ անելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ