Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ջրի մաֆիա գոյություն ունի, մենք պետք է բացահայտենք՝ ով է այդ մաֆիան». Ջրային կոմիտեի նախագահ

Օգոստոս 28,2018 13:43

«Սեւանում SOS է, փրկության խնդիր ունենք, դուք բերել եք 40 մլն խմ լրացուցիչ ջրառի հարցը»: Այսօր ԱԺ-ում պատգամավորներն այսպես արձագանքեցին Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի՝ ԱԺ արտահերթ նիստում ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը՝ Սեւանից լրացուցիչ ջրառ իրականացնելու վերաբերյալ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ հիմնավորումներ չեն ներկայացվում, թե դրանից քանի՞ գյուղացի է օգտվելու: Գաբայանը չհամաձայնեց, նշեց, որ կարող են պատգամավորին հրավիրել եւ հիմնավորումները ցույց տալ. «Մենք ունենալու ենք 55 հազար գյուղատնտեսական ընտանիքների ջրի մատակարարման արդյունք, նրանք տեղակայված են Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերում, Երեւանի բոլոր ոռոգման տարածքները նույնպես ոռոգվում են Սեւանի ջրի հաշվին»:

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հորդորեց քաղաքական գնահատական տալ, թե տարիներ շարունակ Սեւանից ջրի բացթողնման անհրաժեշտությունը արդյո՞ք կախված է նախորդ տարիների ոչ նպատակային ծախսերի հետ. «Իմ մոտեցումը եղել է այն, որ Սեւանա լճի էկոլոգիական խնդիրները չպետք է հակադրել գյուղացիական տնտեսությունների խնդիրների հետ»: Նա հարցրեց՝ կորուստների իջեցման համար ներդրումներ կատարվե՞լ են, թե՞ նույնն է:

Ինեսսա Գաբայանը պատասխանեց, որ նախկինում, երբ Սեւանից 170 մլն խմ ջրառ էին անում, դեռ Սեւջուր գետը կար, որը տարեկան տալիս էր մոտ 90 մլն խմ ջուր. «Այսինքն, մենք այդտեղ կորցրել ենք, այսօր Սեւջուր գետը գոյություն չունի, Սեւջուրում Մեծամորի եւ Արմավիրի կոյուղաջրերն են հոսում»:

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել: Նա հիշեցրեց՝ «գյուղատնտեսության նախարարը խոսեց այսպես ասած չհաշվառված հողատարածքների մասին, դուք խոսեցիք 55 հազար գյուղացիների մասին, մենք ո՞ր պահից ենք իմացել, որ կային այդ հողատարածքները, եւ ո՞ր պահից առաջացավ անհրաժեշտությունը ջրառի»:

Գաբայանը պատասխանեց, որ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ներգրավել են նաեւ բնապահպանության նախարարությունից, վերջնական եզրակացությամբ 25 մլն խմ քանակով ջրառի համար համաձայնության են եկել:

Ինչ վերաբերում է չգրանցված այգիներին՝ նա ասաց. «Կարող եմ ենթադրել` որտեղից է առաջացել»: Թե երբ առաջացավ ջրառի անհրաժեշտությունը, նա ասաց. «Բոլորիս համար ակնհայտ էր, որ առանց տեղումների ձմեռը բերելու է այս խնդրին: Մենք ձյուն չենք ունեցել, ունեցել ենք միայն մայիսի անձրեւները, որոնք ոռոգման ջուր չեն: Տարվա սկզբից էլ դեֆիցիտի ակնկալումը եղել է»:

Գաբայանը տեղեկացրեց, որ վարչապետը շատ կոպիտ հարց է դրել իրենց առջեւ` առանց Սեւանի հարցերը լուծել, բայց եկել են այն եզրակացության, որ այս տարի առանց Սեւանի հնարավոր չէ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարցրեց՝ կարծիք կա, որ սխալ է ծախսվել 170 մլն խմ-ն, որը օրենքով նախատեսված էր, ի՞նչ կարծիք ունեք՝ ջրի մաֆիա կա՞, թե ՞ չկա, եթե կա, ո՞վ է: Նա նաեւ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հանրային լսումներ չեն անցկացվել այս հարցի վերաբերյալ, էկոլոգները, Սեւան ազգային պարկը, նույնիսկ բնապահպանության նախարարությունը ահազանգել են: Ինեսսա Գաբայանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է ջրի մաֆիային, գոյություն ունի, թե չէ, ես կարծում եմ` գոյություն ունի, մենք պետք է բացահայտենք՝ ով է այդ մաֆիան, ովքեր են»:

Հանրային լսումների հետ կապված էլ նա ասաց. «Ես կարծում եմ, բնապահպանության նախարարության իրավասության շրջանակներում է դա, մենք միշտ բաց ենք եղել, ես բազմիցս կիսվել եմ մեր անհանգստությամբ: Բնապահպանության նախարարության հետ միշտ համագործակցել ենք, շատ հարցերի պատասխանը պետք է տրվի բնապահպանության նախարարության կողմից, ինչպես նաեւ Սեւանի՝ լավ կամ վատ վիճակում գտնվելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031