Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանական այց՝ մտադրությունները եւ հնարավորությունները ճշգրտելու նպատակով

Օգոստոս 28,2018 22:00

Ս.թ. օգոստոսի 23-25-ին Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը
պաշտոնական այց կատարեց Վրաստան, Հայաստան եւ մի-քանի ժամով՝ Ադրբեջան

Այցը տարածաշրջանային էր ոչ միայն եւ ոչ այնքան աշխարհագրական, այլ նաեւ՝ բովանդակային առումով, եւ որքան էլ որ դա տարօրինակ հնչի 2005 թվականից Եվրամիության առաջատար Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնող Մերկելի պարագայում՝ այցը կրում էր գերազանցապես ճանաչողական բնույթ։

Այնպես չէ, որ Բեռլինը նոր պետք է ճանաչի Հարավային Կովկասը, պարզապես տարածաշրջանի շուրջ տեղի ունեցող բուռն փոփոխությունները չեն կարող չազդել բուն տարածաշրջանի վրա, մանավանդ, երբ ոչ բոլոր խնդիրներում է, որ Արեւմուտքում մոտեցումները համընկնում են։ Բացի դրանից, այցն ինքնին ֆիքսեց Բեռլինի, որպես ԵՄ «կամերտոն»՝ տարածաշրջանային հետաքրքրությունները։
Եւս մեկ անգամ Բեռլինն արձանագրեց իր մոտեցումը Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին «շուտափույթ» անդամակցության, ինչպես նաեւ՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ առ այն, որ դա տեսանելի ապագայում գրեթե «բացառվում է», միեւնույն ժամանակ, պատրաստակամություն հայտնվեց մեծացնելու եւ սերտացնելու համագործակցությունը։ Բացի դրանից, Վրաստանը վարկ կստանա նոր գազապահեստարան կառուցելու համար, ինչը թույլ կտա էապես նվազեցնել երկրի խոցելիությունը գազամատակարարման խափանումների դեպքում։ Միեւնույն ժամանակ, Մերկելի խորհրդանշական այցը դիմակայության գիծ է, որը Թբիլիսին անվանում է նաեւ օկուպացիոն գիծ՝ եւս մեկ անգամ արձանագրեց, որ Բեռլինը շարունակում է սատարել Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ շարունակում է անընդունելի համարել Ռուսաստանի գործունեությունը Վրաստանի օկուպացված տարածքներում։

Իսկ Բաքվում կանցլեր Մերկելը հայտարարեց որ Բեռլինը եւ Բրյուսելը ցանկանում են դիվերսիֆիկացնել Եվրոպայի էներգառեսուրսների շուկան, եւ այդ իմաստով Հարավային գազային միջանցքի բացումը ԵՄ էներգամատակարարումների տեսանկյունից «լավ նորություն է»։ Իհարկե, ասվեց, բայց նույնիսկ որեւէ հուշագիր էլ չստորագրվեց։ Ադրբեջանի գազային պաշարները բավարար չեն, որպեսզի ամբողջությամբ բավարարվեն Միջանցքից եվրոպական ակնկալիքները։ Պարզ է, որ առանց քաղաքական որոշման Իրանի, Իրաքի եւ Թուրքմենստանի՝ այդ Միջանցքին միանալու վերաբերյալ այն պարզապես չի աշխատելու։ Բացի դրանից, փաստ չէ, որ Եվրոպան շատ ուրախ կլինի գազային կախվածությունը Ռուսաստանից վերածել կախվածության նաեւ Անկարայից, մանավանդ Թուրքիայի եւ Ռուսաստանի՝ գնալով ավելի սերտացող հարաբերությունների եւ Թուրքիա-ԵՄ՝ ավելի անորոշ դարձող հարաբերությունների ֆոնին։

Եվ ընդհանրապես, Բաքու կատարած այցն ինքնին, մանավանդ երեւանյան հանդիպումների ֆոնին՝ առանձնացավ իր սառնությամբ. Մերկելը նախ չայցելեց Հեյդար Ալիեւի շիրիմին, այդպիսով հրաժարվելով մասնակիցը դառնալ «ազգային առաջնորդ» հռչակված չեկիստին պատվելու ծեսին։ Բացի դրանից, այցին ընդառաջ Բաքուն գործը հասցրեց սկանդալի, արգելելով Բուսդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին կանցլերի պատվիրակության կազմում այցելել Ադրբեջան, քանի որ նա այցելել է Արցախ առանց Բաքվից «թույլտվություն» ստանալու։ Այդ իսկ պատճառով Մերկելի կուսակցության անդամ, Երեւանում իր այցը երկարաձգած պատգամավոր Վայլերը Ազատություն ռադիոկայանին հայտնեց, որ Բաքվի այդ քայլը կազդի Գերմանիայի եւ Ադրբեջանի հետագա հարաբերությունների վրա։
Մերկելի հայաստանյան այցի մանրամասների՝ Երեւանում եւ Էջմիածնում հանդիպումների, Ծիծեռնակաբերդ այցելության, հայտարարությունների, Հյուսիսային պողոտայում երեւանցիների ջերմ ընդունելության, սելֆիների եւ այլնի մասին արդեն իսկ բավականաչափ խոսվել է։ Պետք է շեշտել, որ բովանդակային առումով այցը թերեւս մնում է «անավարտ», այսինքն, Երեւանում Գերմանիայի կանցլերի եւ Հայաստանի նոր կառավարության ղեկավարի միջեւ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ շփումները շարունակելու կոնկրետ ծրագրերի նախանշման եւ իրագործման վերաբերյալ, եւ վարչապետ Փաշինյանին Մերկելը հրավիրեց Բեռլին։ Այսինքն, այս այցով, որն ըստ էության գերազանցապես մտադրությունները եւ հնարավորությունները ճշգրտելու նպատակ էր հետապնդում, առանձնապես՝ Հայաստանի կողմից CEPA-ն ստորագրելուց եւ Երեւանում նոր իշխանություն հաստատվելուց հետո, լավ սկիզբ է դրվել մի գործընթացի, որի ելքերը զգալի չափով կախված են լինելու պաշտոնական Երեւանի նախաձեռնողականությունից, ինչը կարող է լինել որպես միայն լավ թիմային աշխատանքի արդյունք՝ թե՛ քաղաքական թիմում, թե՛ փորձագիտական եւ բիզնես-հանրության հետ համատեղ։

Այցի ընթացքում, գոնե հրապարակային մասով, ընդհանրապես չշոշափվեց Իրանի թեման, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավոր հետեւանքները։
Թեհրանի գաղափարի՝ Պարսից Ծոցը Սեւ Ծովին կապող՝ Հայաստանով եւ Վրաստանով անցնող միջանցքի ստեղծումը էապես կմեծացնի Իրան-Եվրոպա համագործակցության հնարավորությունը։ Իհարկե, ներկա պահն ամենաբարենպաստը չէ գաղափարի նյութականացման համար, սակայն, դրանից գաղափարի շահեկանությունը չի կարող նվազել։ Եվ այս իմաստով Երեւանի անելիքը գոնե իր մասով ուղղակի հրամայական է։ Խոսքը վերաբերվում է Հյուսիս-Հարավ միջպետական ավտոմայրուղու շինարարության եւ մուլտիմոդալ բեռնափոխադրումների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռբերման անհրաժեշտությանը։ Կարելի է պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում Թեհրան կատարելիք այցի օրակարգում այս հարցերը պետք որ դառնան առաջնահերթ, իսկ հնարավոր պայմանավորվածությունները էապես կամրապնդեն նաեւ Երեւանի դիրքերը Բեռլինի եւ Բրյուսելի հետ հարաբերություններում, դուրս բերելով Հայաստանին, ըստ էության, որպես պերիֆերիա կամ փակուղի ընկալվելու ռեժիմից։
Մյուս կողմից, սակայն, պետք է հաշվի առնել, որ Վաշինգթոն-Բեռլին ներկայիս հակասությունները՝ դա այնուամենայնիվ դաշնակիցների հակասություններ են, լուծելի հակասություններ, որոնց շուտափույթ լուծումն է բխում Հայաստանի ազգային շահերից, այլ ոչ թե հակառակը։

Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, ինչպես դրա մասին տարիներ ի վեր ասվում է, ունեն մեծ եւ առայժմ չիրագործված ներուժ։ Սակայն, չի ասվել, թե ինչպես է ստացվել, որ տարիներով այդ ներուժն այդպես էլ մնում է չիրագործված։ Իհարկե, քսան տարի երկիրը ղեկավարվել է ոչ թե ազգային շահերի հիմքով, այլ միայն կոռուպցիոն շահերի եւ Մոսկվային որպես «տանիք» գոհացնելու շահերի, գումարած դրան՝ աղաղակող ոչ կոմպետենտությունը։ Հեղափոխությամբ պայմանավորված իրավիճակի փոփոխությունը, որը ենթադրում է իշխանության իմաստի, ինչպես նաեւ՝ երկրի ինքնիշխանության մասին ընկալումների փոփոխություններ, թույլ է տալիս համարել, որ ստեղծվել է գերազանց հիմք հետագա՝ մեր շահերից բխող քայլերի համար՝ թե Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների, թե՛ CEPA-ի շրջանակներում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ուղղությամբ։ Բայց եւ, անկասկած, առջեւում սպասվում է ահռելի ծավալի «տնային» աշխատանք, որը մեզանից բացի եւ մեր փոխարեն ոչ ոք չի՛ անելու։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարը՝ Deutsche Welle

«Առավոտ»

28.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031