Հարավային Կովկասում ոչ մեկ չի կարողանում իսկապես ընդհանուր լեզու գտնել իր հարևանների հետ: Եվրոպան դա ընկալում է որպես խնդիր, իսկ Ռուսաստանը՝ հնարավորություն: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեք օր անցկացրեց այսպես կոչված «ռուսական շահերի նախադռանը», և նրան հաջողվեց համոզել երկրներից յուրաքանչյուրին՝ Վրաստանին, Հայաստանին և Ադրբեջանին, որ հենց ինքն է գտնվում Մերկելի ուշադրության կենտրոնում: Նման համոզմունք ունեն երկրներից յուրաքանչյուրի մայրաքաղաքներում: Մերկելի համար կարևորը տարածաշրջանի կայունությունն է, և դրա համար նա իր նպատակն ունի, գրում է գերմանական Deutsche Welle-ի վերլուծաբան Միխաէլա Քյուֆները:
Հազիվ թե Հարավային Կովկասում լինի մեկ այլ երկիր, որն իրեն տարածաշրջանում ազդեցության գոտիների աշխարհաքաղաքական պայքարում այնքան լքված զգա, որքան Վրաստանը: Թբիլիսիում ուսանողների հետ քննարկումների ժամանակ Անգելա Մերկելին անհամբեր հարցնում էին՝ ե՞րբ է, ի վերջո, Վրաստանը դառնալու Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ: Ի վերջո վրացիները կատարել են «տնային աշխատանքները»՝ տնտեսական առաջընթաց, հաջողություններ կոռուպցիայի դեմ պայքարում: Աֆղանստանում վրացի զինվորականները ուս ուսի կանգնել են ՆԱՏՕ-ի իրենց զինակիցների կողքին: Ուսանողներից մեկը Մերկելին անվանեց «ազատ աշխարհի պարագլուխ»: Եվ ինչպես հետևում է այս խոսքերից` հենց նրանից վրացիներն ավելին էին սպասում:
Վրաստան. աջակցություն և խորը համագործակցություն
Իր հերթին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այս ամենին ավելի մեծ ըմբռնումով էր մոտենում: Նրա մոտ զարմանք չառաջացրեց Մերկելի հայտարարությունը դեռ այցի սկզբում: Այդ ժամանակ Մերկելն ընդգծել էր, որ ԵՄ ազատ առևտրային գոտու և ասոցացման համաձայնագրից, առանց վիզայի ռեժիմի սահմանումից, ՆԱՏՕ-ին ապագայում անդամակցելու սկզբունքային համաձայնությունից հետո երկար ժամանակ այլևս ոչինչ չի հաջորդի: Փոխարենը Եվրոպան ցանկանում է «ամրապնդել հարաբերությունները» և շարունակել աջակցել Վրաստանին` հետագա տնտեսական զարգացման ճանապարհին:
Այցի ընթացքում ակնհայտ դարձավ նաև այն, որ անգամ օրինակելի աշակերտուհի Վրաստանն ունի սեփական հնարավորությունների անտեսանելի սահմանը: Մերկելը կոշտ քննադատության ենթարկեց միանգամայն իրական, դե ֆակտո սահմանը Ռուսաստանի հետ՝ չճանաչված Հարավային Օսիայի երկայնքով, և նրա խոսքը Վրաստանում ընկալեցին երախտագիտությամբ: Սակայն «օկուպացում» բառը Մերկելն արտասանեց միայն ուսանողների հետ հանդիպմանը, որոնք բառացիորեն այն ուժով դուրս քաշեցին Մերկելի շուրթերից: Բախտաձեի հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսում կանցլերն օգտագործեց «հրեշավոր անարդարություն» արտահայտությունը, նկատում է վերլուծաբանը:
Հայաստան. հաջող մանևրում Եվրամիության և Ռուսաստանի միջև
Մերկելը միանգամայն արհեստավարժ կերպով զսպեց իրեն` ուղղակիորեն «ցեղասպանություն» բառն օգտագործելուց: Փոխարենը կանցլերն ասաց, որ այցելելով 1,5 մլն սպանված հայերի հիշատակին կառուցված հուշահամալիր, ինքը կատարում է քայլ, որը «համահունչ է Բունդեսթագի՝ 2016թ. ընդունված բանաձևի ոգուն»: Իսկ բանաձևում հստակ խոսվում է ցեղասպանության մասին: Այդպիսով, Մերկելն ակնարկեց, որ խոսքը հենց ցեղասպանության մասին է, բայց դա արեց առանց Թուրքիայի հետ նոր սկանդալ հրահրելու ռիսկի:
Այնուամենայնիվ, Մերկելը Երևանում առավել փոքր «աստղ» էր, քան վերջերս ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երբ, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» առաջնորդը, որի հետ այսօր մեծ հույսեր են կապում տեղացիները և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկոյան մոտենում էին նրա հյուրանոցին, շենքի մոտ հավաքված մարդիկ վանկարկում էին Փաշինյանի անունը, ոչ թե Մերկելի: Եվ դա նշան է այն բանի, որ Մոսկվայի կողմից 20 տարի ղեկավարվելուց հետո Հայաստանն այժմ հենվում է սեփական ուժերի վրա:
Հայաստանի նոր վարչապետը գիտակցաբար փորձում է շատ չփոխել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որից այդ երկիրն ամեն դեպքում լիարժեք կախվածություն ունի իր էներգետիկ քաղաքականության ոլորտում, գրում է Քյուֆները: Երևանը հարցականի տակ չի դնում իր հետագա անդամակցությունը ԵԱՏՄ-ին, սակայն կշարունակի հասնել ազատ առևտրի մասին պայմանագրի Եվրոպայի հետ: Մերկելը դրական գնահատեց Հայաստանի մարտավարությունը, որը մանևրում է ժողովրդավարության անցնելու և Ռուսաստանից կախվածության միջև: Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Հայաստանը կարող էր օրինակ դառնալ այն բանի, որ կարելի է լավ հարաբերություններ պահպանել և՛ Եվրամիության, և՛ Ռուսաստանի հետ: Ապագայի համար Մերկելը Հայաստանին երջանկություն մաղթեց: Եվ Երևանին դա պետք կգա:
Ադրբեջան. տարբեր հայացքներ մամուլի ազատությանը և մարդու իրավունքներին
Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում Անգելա Մերկելը հատուկ շեշտեց, որ Գերմանիան պատրաստ է «պատասխանատվություն ստանձնել» և ուժեղացնել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվ դա, չնայած այն բանին, որ հենց Ղարաբաղյան հակամարտությունը Մերկելի այցի նախօրեին սկանդալի պատճառ էր դարձել Բեռլինի և Բաքվի միջև. այցը քիչ էր մնում չեղարկեին այն բանից հետո, երբ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին Ադրբեջանի մուտքի այցագիր չտրամադրեցին, քանի որ նա ավելի վաղ այցելել էր Լեռնային Ղարաբաղ: Չնայած սկանդալին՝ Մերկելն այնուամենայնիվ այցելելեց Ադրբեջան:
Բաքվում համոզված են, որ Մոսկվան, եթե ցանկանար, կկարողանար լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Սակայն դա ռուսական շահերին չի համապատասխանում, ընդհակառակը. եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն չլիներ, Ռուսաստանը թերևս այն կստեղծեր՝ իր ազդեցության գոտին ամրապնդելու համար: Իսկ այսպես` Հայաստանին հետագայում էլ անհրաժեշտ կլինի Մոսկվայի կայունացնող ազդեցությունը, իսկ Ադրբեջանը չի կարող առանձնապես ինքնուրույն լինել արտաքին քաղաքականության մեջ:
Ի դեպ, մամուլի ազատությունն ու այլակարծությունը հետևողականորեն խեղդվում է երկրում նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Տասնյակ լրագրողներ գտնվում են ճաղերի ետևում: Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մերկելը չսկսեց սովորականի նման գլխով անել, երբ Ալիևը, ի պատասխան քաղբանտարկյալների մասին հարցին, հանդիսավոր կերպով հայտարարեց, որ երկրում տիրում է մամուլի բացարձակ ազատություն:
Կանցլերը համբերատար կերպով լսեց Ադրբեջանի նախագահին, բայց վերջում մատնանշեց, որ երկրում դեռ շատ բան է անհրաժեշտ անել ժողովրդավարության չափանիշներին հասնելու համար, մասնավորապես, ընտրություններին դիտորդներին երկիր թողնելու հարցում: Ասում են, որ Ալիևի հետ դեմ առ դեմ զրույցում Մերկելը միանգամայն բացահայտ խոսել է մարդու իրավունքների պաշտպանության մասին: Միաժամանակ նաև՝ իրենց միավորող ռազմավարական շահերի մասին: Հնարավոր է, որ ապագայում Ադրբեջանից գազը Տրանսատլանտյան գազատարով Թուրքիայի տարածքով անցնի ԵՄ: Եվ դա որոշակի մրցակցություն կառաջացնի գործող ռուսական «Հյուսիսային հոսք-2»-ի հետ: Ալիևը հավաստիացրել է, որ Ադրբեջանը պատրաստվում է լիարժեք կերպով իրականացնել այդ նախագիծը: Եվրամիությունը ցանկանում է թուլացնել կախվածությունը ռուսական գազից, և այդ ցանկությունն իր նպատակն ունի, եզրափակում է վերլուծաբանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ