Բնապահպան Սիլվա Ադամյանը հեգնանքով է ընկալել վարչապետ Նիկոլ Փաշինյանի`կառավարության վերջին նիստում արած այն հայտարարությունը` սրտի կսկիծով է կայացվում Սեւանից լրացուցիչ ջրառի մասին որոշումը: Նա, լրագրողների հետ զրույցում, նույնիսկ պատկերավոր համեմատություն արեց. «Սա նման է մի վիճակի, երբ մարդուն մահապատժի ես բերում եւ ասում ես`սրտի կսկիծով եմ դա անում»:
Հիշեցնենք, այսօր խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է Սեւանից լրացուցիչ ջրառի մասին կառավարության որոշումը : Իսկ խորհրդարանի շենքի մոտ բնապահպանները բողոքի ցույց են կազմակերպել :
Սիլվա Ադամյանն առանձնակի սպասելիքներ չունի, որ խորհրդարանը կմերժի այդ որոշումը. «Մինչեւ պառլամենտի կազմը չփոխվի, ակնկալիքներ չունենք: Մենք գիտենք, թե ովքեր են այնտեղ նստած`մարդիկ, ովքեր նախորդ իշխանությունների օրոք էլ նույն բանն էին անում: Նախկին կառավարության օրոք էլ իրենք նպաստել են: Շատ բան սպասել այսօրվա խորհրդարանից…»: Բայց իրենք`բնապահպանները, իրենց պայքարը տանելու են`անկախ ամեն ինչից:
Չնայած վարչապետը առաջարկել էր հարցը քննարկել եւ այլընտրանքային լուծումներ գտնել, բնապահպանն արձանագրում է, որ խնդիրն այդպես էլ չլուծվեց եւ վարչապետին մի առաջարկ ներկայացվեց, որ հավելյալ ջուր պետք է բաց թողնվի Սեւանից: «Մարդիկ, ովքեր պատասխանատու են, լավ գիտակցում են, թե ի՞նչ է կատարվում: Չի կարելի ամեն ինչ մեկ մարդու վրա բարդել, սա մի ողջ համակարգ է»,- ասաց Սիլվա Ադամյանը` հավելելով, որ ինքը չի հասկանում, թե ինչո՞ւ ոչ ոք ականջալուր չի եղել գիտնականների հայտարարություններին, որոնք այս անգամ շատ կտրուկ են եղել եւ դեմ են խոսել Սեւանից հավելյալ ջրառին. «ԳԱԱ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի մասնագետները իրավիճակը բավական լուրջ են գնահատել, ասելով, որ համակարգված լուծում է պետք, հանձնաժողով պետք է ստեղծել: Մասնագետները նախկին կառավարության օրոք չէին աշխատում, հեշտ ճանապարհ էին գտել Սեւանից ջուր բաց թողնելը, հիմա էլ չեն աշխատում: Բայց կլիմայական փոփոխություններ կան, ու ամեն ինչ շատ արագ է լինելու: Ասում են`ՀԿ-ները առաջարկ չունեն: Պարոնայք, դո’ւք եք պատասխանատու պաշտոնյաները, դո’ւք պետք է աշխատեք, դո’ւք պետք է այլընտրանքային լուծումներ գտնեք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ