Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ ընթանում էր Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Ա. Պ.-ի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքին հարակից անտառ տանող ճանապարհին ձեռքերը ոլորելու, մազերից քաշելու եղանակով բռնություն է գործադրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 36-ամյա կնոջ նկատմամբ եւ վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով («Բռնաբարությունը»): Նա 3 ամիս գտնվել է կալանքի տակ, հետո նրա խափանման միջոցը փոխվել է, գրավով ազատ է արձակվել:
Տուժողը բնակվում է Մոսկվայում, նախաքննության ավարտից հետո մեկնել է Ռուսաստան, Բերդ քաղաքում կայացող դատական նիստերին չի մասնակցել: Ա. Պ.-ն մեզ ասաց, որ քրեական այդ գործով իրեն անմեղ է համարում, համաձայն չէ անգամ իր պայմանական ազատազրկմանը: Նախաքննության ընթացքում նա ինքնախոստովանական ցուցմունք է գրել, հետագայում հրաժարվել դրանից: Քրեական գործում առկա է նաեւ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Այդ գործով դատավարության օգոստոսի 2-ի նիստում քրեական գործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազության դատախազ Ներսես Չիլինգարյանը մեղադրական ճառի ավարտին դատարանին միջնորդել է Ա. Պ.-ին մեղավոր ճանաչել բռնաբարության հոդվածով եւ նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման, այդ ժամկետից հանել Ա. Պ.-ի կալանքի մեջ գտնվելու 3 ամիսը եւ նրան դատապարտել 3 տարի, 9 ամիս ժամկետով ազատազրկման: Պաշտպանական ճառով հանդես գալով՝ մեղադրյալի պաշտպան, փաստաբան Սարգիս Խաչատրյանը դատարանին միջնորդել է Ա. Պ.-ին անմեղ ճանաչել կամ նրա նկատմամբ պատժաչափ նշանակել պայմանական ազատազրկումը:
Օգոստոսի 24-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ա. Պ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման: Ամենայն հավանականությամբ, դատապարտվածի պաշտպանը կբողոքարկի այդ դատավճիռը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ