Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտյանն ասաց, որ նոր իշխանավորներն իրենցից լավը չեն, Սասուն Միքայելյանը տեղից սկսեց գոռգոռալ ու վիճել

Օգոստոս 28,2018 12:54

ԱԺ արտահերթ նիստում Սեւանա լճից հավելյալ 40 մլն ջրառի հարցն է քննարկվում: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ելույթ ունենալով, ասաց, թե վերջին 100 օրվա մեջ անընդհատ լսում են, որ նոր իշխանությունը ստիպված կրկնում է նախորդ իշխանությունների կողմից ձեռնարկվող փոփոխությունները, օրինագծերը, շարունակում է ծրագրերը, թեպետ մոլի քննադատողն էր՝ մինչեւ կառավարության ստանձնումը. «Այն մոտեցումը, որ փորձում են որդեգրել այսօրվա իշխանավորները, որ նախորդները վատն էին, մենք ավելի լավն ենք լինելու, չի դիմանում անգամ 100 օրվա քննադատությանը: Բնականաբար, նախորդ իշխանությունները ունեցել են բազմաթիվ խնդիրներ, բացթողումներ, սխալներ, բայց դրանց կողքին չեն ստվերվել հաջողության պատմությունները: Բնականաբար, նոր կառավարությունը նույնպես կունենա լավ նախաձեռնություններ, բայց դժվար է ասել՝ արդյո՞ք մեզանից ավելի լավ կաշխատի: Այս օրինագիծը դրա ապացույցներից մեկն է»:

Աշոտյանն ասաց, որ մեծ է գայթակղությունը տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի քննադատություններից, Լենա Նազարյանի, Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանի ելույթներից մեջբերումներ անելու, բայց դա չի անի. «Մենք միասին հասկանանք, որ ամեն ինչ չէր, որ սխալ էր անում նախորդ իշխանությունը»: Նա ասաց, որ Ջրային կոմիտեի նոր նախագահ Ինեսսա Գաբայանը բացարձակ համոզիչ չէր ներկայացնում հիմնավորումները, թե ինչու է պետք լրացուցիչ ջրառ անել Սեւանից:

Աշոտյանը իր ելույթում նաեւ ցույց տվեց, որ սրտնեղած է նոր իշխանությունների վերաբերմունքից. «Խոսքը միայն Սեւանի մասին չէ, քննադատում էին մեր արտաքին քաղաքականությունը, բայց շարունակում են նույնը, դեմ էին միջազգային դպրոցներին, բայց գնում են Դիլիջանի միջազգային դպրոցի վերջին զանգի միջոցառմանը: Պարզվում է՝ 3 ամսում չինական դպրոց են կառուցել, այն դեպքում, երբ 5 տարի նաեւ ես եմ պատիվ ունեցել աշխատել ծրագրի շուրջ ու բազմաթիվ նման օրինակներ կան: Պետությունը էստաֆետ է սիրում: Ամոթ չէ, եթե դուք ասեք, հարգելի իշխանություն, որ նախորդ…»: Աշոտյանը խոսքը դեռ չավարտած՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից սկսեց գոռգոռալ ու վիճել, թե ձեզանից հետո մենք եկել ենք, տեսել ենք` ինչեր եք արել, մենք ձեզ շարունակո՞ւմ ենք:

Աշոտյանն ասաց, որ ինքն է որոշում ինչ խոսի. «Պետք չի ասել, որ մենք ավելի լավն ենք՝ այն դեպքում, երբ դուք շարունակում եք մեր աշխատանքը: Դուք պարտավո՛ր եք ավելի լավ անել»: Նա նշեց, որ, իշխանություն դառնալով, նորերը տեսան, որ Սեւանի նկատմամբ սիրո եւ համերաշխության զգացողություններից բացի կան խնդիրներ, գյուղացիների առջեւ իրենց պարտավորությունները պետք է կատարեն. «Դուք վերջապես դառնում եք պետական մտածելակերպ կրող պատասխանատու չինովնիկներ: Դա անելու համար պետք չի նորից փորձել խարազանել այն, ինչ արվել է մինչեւ ձեզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031