ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ։ Այդ դիմումն արդեն մուտքագրվել է դատարան, սակայն կան տեղեկություններ, որ դատական համակարգում քննարկում են դատախազության վճռաբեկ բողոքը կասեցնելու եւ այդ հարցով ՍԴ դիմելու տարբերակը, որպեսզի ՍԴ-ն մեկնաբանի՝ կարելի՞ է արդյոք առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու շրջանակներում անձեռնմխելիությունից զրկել նախկին նախագահին։ ՀՀ օրենսդրությունն ի՞նչ է նախատեսում այս դեպքում։ Զրուցեցինք ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի հետ։
– Վճռաբեկ դատարանը, ամենայն հավանականությամբ, կդիմի ՍԴ, որպեսզի Սահմանադրական դատարանը մեկնաբանի՝ կարելի՞ է արդյոք առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու շրջանակներում անձեռնմխելիությունից զրկել նախկին նախագահին եւ կալանավորել։ Ի՞նչ արդյունք կարելի է կանխատեսել այդ դիմումից։
– Ես էն գլխից եմ ասել, որ հակասահմանադրական պրոցես է սկսված, եւ կարծում եմ, որ ՀՔԾ-ն ժամանակին պիտի դիմեր գլխավոր դատախազին, որպեսզի դատախազը դիմեր Սահմանադրական դատարան։
– Իսկ ինչո՞ւ այդպես չարվեց, եւ ոչ էլ առաջին կամ երկրորդ ատյանի դատարանները դիմեցին ՍԴ, այլ վճիռ կայացրեցին։
– Չեմ կարող ասել, բայց կարող եմ մոտավոր վիճակագրություն ասել, որ այն դեպքերում, երբ քաղաքացիները սպառել են դատական բոլոր ատյանները եւ նոր դիմել ՍԴ, էդ գործերի առնվազն 80 տոկոսը միջնորդություն ներկայացրած են եղել առաջին, վերաքննիչ դատարաններ, որպեսզի կասեցնեն, նոր դիմեն ՍԴ։ Իմ կարծիքով, ՍԴ դիմելու համար դատավորները բավականին ժամանակ են կորցնում, դրա համար խուսափում են դիմելուց։ Պատճառը հիմնականում դա է։ Ինչու առաջին ատյանը չի դիմել, ճիշտն ասած՝ ՍԴ մի որոշում ունենք, որտեղ գրել ենք, որ այդ լիազորությունը, իրավունքը պետք է նաեւ որպես պարտականություն հասկանալ, քանի որ եթե նման լիազորություն է տրված, ուրեմն մյուս կողմից իրավունք ունի այդ միջնորդությամբ հանդես գալու, թե պրակտիկան ինչու է այդպես, չեմ կարող ասել։ Այո, այդ դատարանները չէին կարող որոշել անձեռնմխելիության հետ կապված։ Դա Սահմանադրությանը հակասում է, թե ոչ, բայց եկեք չմոռանանք, որ մեր Սահմանադրությունն ասում է, որ Սահմանադրությունը՝ դա անմիջական գործող իրավական նորմն է եւ գերակայություն ունի բոլոր օրենքների նկատմամբ, հետեւաբար կիրառել կարող էին։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում