«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ սահմանում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ իրավապահների կողմից բացահայտված դեպքերի մասին, թե ինչպես են զինկոմները կլորիկ գումարի դիմաց մի շարք անձանց ազատում պարտադիր ժամկետային ծառայությունից։
– Պարոն Դավթյան, վերջին շրջանում նկատում ենք՝ թշնամու կողմից դիվերսիոն հարձակման փորձերը շատացել են. ինչպիսի՞ իրավիճակ է սահմանում։
– Վերջին շրջանում առաջխաղացումը չգիտեմ՝ ինչով եք կապում, եւ, առհասարակ, որտեղից տեղեկատվությունը, նման խնդիրներ չկան։ Տեղաշարժերը մեր կողմից, ինչպես նաեւ հակառակորդի կողմից իրականացվում են բացարձակապես նախկինում զբաղեցրած բնագծերի հատվածներում, որը միշտ եղել է եւ ինձ թվում է՝ կշարունակվի։ Իսկ եթե ընդհանուր իրավիճակը վերցնենք, նախկինում համեմատած՝ բավականին հանգիստ է ե՛ւ կրակոցների քանակի քչությամբ, ե՛ւ դեպքերի պատահարների առումով։
– Դեռեւս նախկին իշխանությունների ժամանակ մշտապես իրավապահ մարմինների կողմից բացահայտվել են բանակում հրամանատարական կազմի կողմից չարաշահումների՝ դիզվառելիքի, սնունդի յուրացումների հետ կապված դեպքերը, եւ գործընթացը շարունակվում է նաեւ հիմա։ Որպես Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ՝ Դուք ի՞նչ եք անում հրամանատարներին, ՊՆ պաշտոնյաներին զսպելու համար։
– Տանում ենք այն աշխատանքը, ինչը անում էր նախկին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի հնարավորինս քչացնենք, հնարավորության դեպքում նաեւ վերացնենք, որը մոտիկ ժամանակներում չեմ կարծում, որ հնարավոր կլինի։ Բայց արդեն քչացել է, եւ հրապարակումները, որոնք կան, նպաստում են մեզ այդ գործընթացը ավելի լավ իրականացնելու։
– Ի՞նչ, եք անում Զինկոմներին կաշառքից զերծ պահելու համար։ Փորձը ցույց է տվել, որ անգամ զինկոմներին կալանավորում են, ազատազրկման են դատապարտում, նրանք այդ ամենից դասեր չեն քաղում եւ կրկին գնում են գործարքների, կլորիկ գումարի դիմաց քաղաքացիների են ազատում կամ տարկետում տալիս պարտադիր ծառայությունից խուսափելու համար։
– Իրավիճակը շտկելու վերաբերյալ պատիժներով դեռեւս ոչ մի երկրի մեջ չեն կարողացել իրավիճակ փոխել։ Անգամ եթե գողության համար ձեռքները կտրում էին, ամենաշատ գողություն կատարում էին ձեռք կտրելու ցուցադրման ժամանակ, այնպես որ պետք է աշխատենք՝ փոխենք հասարակության մտածելակերպը, կեցությունը, ինձ թվում է՝ կհասնենք արդյունքի, բայց ժամանակ է պետք։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում