«Ես իմ շանսերը գնահատում եմ առանց ավելորդ համեստության, ինձ համարելով բավականին լուրջ քաղաքական գործիչ, ով պատասխանատու է, ով վերջին առնվազն մեկ ամսում հրաշալի յուրացրել է Երեւանի խնդիրները»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, որը Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորելու է ԲՀԿ-ի ցուցակը : «Ցանկացածի հետ ես կարող եմ այսօր Երեւանի ցանկացած խնդրի վերաբերյալ բանավիճել ու ոչ միայն բանավիճել, այլեւ խնդիրների լուծումներ առաջարկել»,- ասաց տիկին Զոհրաբյանը, նաեւ հավելելով, որ ինքն իր հնարավորությունները չի գնահատում՝ դատելով առաջադրված թեկնածուներից, այլ գնահատում է բարձր, որովհետեւ ներկայացնում է մի քաղաքական ուժ, որը հանրային մեծ ռեսուրս ունի։
Քարոզարշավի ընթացքում Նաիրա Զոհրաբյանն ու ԲՀԿ-ի թիմը չեն անդրադառնալու Երեւանի խնդիրներին, լուծումներ են առաջադրելու: Այսօր արդեն, Նաիրա Զոհրաբյանը նշում է ամենաառաջնային խնդիրները, որոնցից հիմնականը ասֆալտապատման խնդիրն է: «Կենտրոնի շաբաթական ասֆալտապատման էպոպեային պիտի վերջ դրվի։ Այն կազմակերպությունը, որը կշահի տենդերը, նրա հետ պայմանագիր կկնքենք, որ տասը տարի ինքը պատասխանատվություն է կրելու իր մատուցած ծառայության որակի համար: Եթե դա անորակ արվեց, ապա տասը տարի իր միջոցներով է ասֆալտապատում արվելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ