«Այժմ տեղի են ունենում տարբեր մակարդակի և ձևաչափի խորհրդակցություններ, որոնց արդյունքները կներկայացվեն ՀԱՊԿ խորհրդի դիտարկմանը: Իսկ մինչ այդ որևէ մեկնաբանություն անելը համարում եմ ոչ կոռեկտ»,-հարցին՝ ՀՀ-ն պնդո՞ւմ է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն լինի ՀՀ ներկայացուցիչ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
Հարցին՝ այս տարի կունենա՞նք ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար՝ Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Մենք նախաձեռնել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթաց, որին հաջորդել է ՀԱՊԿ տարբեր շրջանակներում խորհրդակցությունների փուլը, որոնք ընթանում են կոնսենսուսային լուծումներ գտնելու և կանոնակարգերը հստակեցնելու ուղղությամբ: Իսկ թե ինչպիսի՞ զարգացումներ կունենանք, դրանք կլինեն խորհրդակցությունների և քննարկումների արդյունքում և կոնսենսուսի արդյունքում»:
Աննա Նաղդալյանը հիշեցրեց՝ 2015-ի սեպտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում մասնակից վեց երկրների կոնսենսուսի հիման վրա կայացվել է որոշում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնեն անդամ պետություններից բոլորը ռոտացիոն կարգով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը տրվել է ՀՀ-ին, և բնականաբար, ՀՀ-ն ներկայացրել է իր թեկնածուին, իսկ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա:
Հարցին՝ իսկ ՀՀ-ն այժմ պնդո՞ւմ է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լինի ՀՀ ներկայացուցիչ, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Ինչպես նշեցի, համապատասխան որոշումը երբ կայացվել էր, ՀԱՊԿ նախագահությունը երեք տարով ամրագրվել էր Հայաստանին, ՀՀ-ն ներկայացրել է իր թեկնածուին, իսկ թեկնածուի հաստատման որոշումն ընդունվել է կոնսեսուսի հիման վրա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ