Օգոստոսի 25-ին կոռուպցիոն սենսացիոն սխեմայի բացահայտում տեղի ունեցավ։ Պարզվեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները խմելու ջրի սակագինը բարձրացնելու որոշում կայացնելուց առաջ «Վեոլիա ջուր» ընկերության միջոցներով Փարիզում տուրիստական շրջագայություն են կատարել։
Այս մասին փոխանցում են ՀՀ ոստիկանությունից՝ հղում անելով ՀՀ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի տրամադրած համապատասխան տվյալներին։
Խոսքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 22-ի որոշման մասին է, որի արդյունքում խմելու ջրի սակագինը բարձրացավ 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։ Իսկ ահա փարիզյան ճանապարհորդությունը տեղի էր ունեցել նույն թվականի օգոստոսի 27-ին։ «Տուրիստական» շրջագայության մասնակիցները եղել էին ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ կառույցի յոթ այլ աշխատակիցներ։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության տվյալների՝ այդ ճանապարհորդությունը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վրա արժեցել է 12,5 միլիոն դրամ՝ ներառյալ ավիատոմսերը եւ հյուրանոցը։
«Վեոլիա ջուր» ընկերությունը չի կիսում ոստիկանության մեղադրանքները։ Երեկ ՀԺ-ի հետ զրույցում կառույցի մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանը տեղեկացրեց, որ շուտով կպատասխանեն վերոնշյալ հայտարարությանը։ Նրա փոխանցմամբ՝ կառույցում խիստ զբաղված են եւ ամենայն զգուշությամբ պատրաստում են պատասխան հայտարարությունը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը մեր զանգերն անպատասխան թողեց։ Սակայն կայքերից մեկի հետ զրույցում Նազարյանը կաշառքով գործարքի գնալու մեղադրանքների վերաբերյալ ասել էր. «Եթե փորձի փոխանակումը կաշառք է համարվում, կարելի է ամեն ինչ կաշառքի վերածել։ Ես ոչ մի մեկնաբանություն չունեմ, որովհետեւ եթե փորձի փոխանակումը կաշառք է համարվում, կարելի է ամեն ինչ կաշառքի վերածել։ Պետք է խորությամբ ուսումնասիրել ամեն ինչ, որպեսզի հասկանալի լինի՝ ինչ է տեղի ունեցել։ Կա կառավարության եւ Փարիզում գտնվող «Վեոլիա» ընկերության միջեւ պայմանագիր՝ միջազգային մրցույթի արդյունքում, որտեղ սակագնային սցենարը արդեն հաստատված է եղել։ Մեր գործառույթը խիստ սահմանափակ է, մենք ոչինչ չէինք կարող անել, մենք ընդամենը դակիչի դեր ենք կատարել»,- ասել էր նա։
Այս գործով նախաքննությունը շարունակվում է, եւ մյուս բոլոր հարցերի պատասխանները իրավապահներն են տալու։ Սակայն, մինչեւ այդ փորձենք հասկանալ, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երկարամյա նախագահի ղեկավարման շրջանում քանի անգամ է ջրի սակագինը բարձրացել։
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում