ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների համալիր տարեկան ծրագիրը հաստատելու մասին հարցը, ինչպես նաեւ Սեւանից լրացուցիչ ջրառի հարցը: Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը առաջարկում էր հարցի առաջին եւ երկրորդ ընթերցումը կազմակերպել 24 ժամվա ընթացքում: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հարցրեց, թե ո՞րն է շտապողականության պատճառը, կարո՞ղ է դրա անհրաժեշտությունը հիմնավորել: Գաբայանը պատասխանեց, որ պետք է հնարավորինս աշխատեն, որ հարցերն արագ կարգավորեն: Նա նշեց, որ իր համար էլ դժվար է Սեւանից լրացուցիչ ջրառի նախաձեռնությամբ հանդես գալ. «Սեւանն իսկապես մեր քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարն է, աչքի լույսի պես պիտի պահպանենք դա: Դրան են տանում մեր պահպանման ծրագրերը»:
Նա ասաց, որ դեռեւս չկա այնպիսի պաշար, որ ոռոգման շրջանը պատվով ամփոփեն առանց Սեւանի. «Այսօր իրավիճակ է փոխվել, նոր մոտեցումներով ենք աշխատում, եւ հենց այդ ամենը մեզ ավելի արագ կհասցնի մեր երազած Սեւանին»:
Գաբայանն ասաց, որ հավելյալ ջրառի պահանջարկը մեկ օրում չի ձեւավորվել, տարվա բնակլիմայական պայմանների հրամայական է: Նա ասաց, որ սկսած հուլիսից ոռոգման համակարգի խնայողական խստագույն ռեժիմի են անցել. «Առկա դեֆիցիտը լրացնելով հնարավոր բոլոր աղբյուրներով, որը կազմում էր 120 մլն խմ, այսօր մենք նվազեցրել ենք մինչեւ 40 մլն խմ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ առաջին փուլի համար նախատեսված 25 մլն խմ-ն չգերազանցենք:
Նա ներկայացրեց, թե Սեւանից վերցրած հավելյալ ջուրը ինչ համակարգերով պետք է հասցնեն գյուղացիներին:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ դուք թվերի մի ամբողջ համախումբ ներկայացրեցիք, կարծես անճշտություններ կան, դուք չեք ներկայացրել, թե նախորդ 100 մլն խմ ջրառն ի՞նչ նպատակով եք օգտագործել, իմաստ ունե՞ր հավելյալ 100 մլն խմ ջուր բաց թողնել Սեւանից. «Դեռ հինը չմարսած՝ նոր 40 մլն եք բերել եւ ձեր հիմնավորումները նորից շատ խոցելի ու թույլ են: Ի՞նչ է նշանակում ՀԾԿՀ-ն սահմանել է կորուստների բարձր մակարդակ: Մենք հասկացանք, որ ողջամիտ կասկածներ կան նրանց գործունեության վերաբերյալ: Ձեր ներկայացրած թվերով՝ մենք պաշտոնապես 27-30 տոկոս կորուստ եք նախատեսում, դա ընդունվում է հիմք՝ այս ջրառը կազմակերպելու նպատակով: Դուք նշում եք, որ 43 մլն խմ ջրի կարիք կա, դիմում եք 40 մլն խմ –ի համար, սա անհասկանալի է, եթե 43 մլն խմ ջրի կարիք կա»: Նա սկսեց քննադատել, որ Սեւանի այսօրվա ծանրագույն վիճակում նման հարցով գալ ու բառակույտ ներկայացնել, առանց լուրջ հիմնավորումների, լուրջ չի:
Ինեսսա Գաբայանը հորդորեց ավելի կոռեկտ լինել՝ հարցը ձեւակերպելիս: Նա ասաց. «100 մլն խմ ջուրը անցյա՞լ տարվա մասին է, դուք հնարավորություն ունեիք 100 մլն -ի մասին ձեր հարցն ուղղել անցյալ տարվա քննարկման ժամանակ: Ես նշանակվել եմ այս պաշտոնին հուլիսի 10-ից, ես պատասխան եմ տալիս իմ պաշտոնավարման օրվանից սկսած առ այսօր: Ջրային կոմիտեն դեռեւս տարվա սկզբին ներկայացրել էր 80 մլն խմ դեֆիցիտի պահանջ կառավարությանը՝ մինչեւ իմ նշանակվելը: Իմ նշանակումից հետո կոմիտեի մասնագետների հետ քննարկեցինք ու որոշեցինք ոչ թե 80, եթե հնարավորություն ունենք, ոչինչ, որ պոմպակայանները ավելի շատ շահագործվեն, ֆինանսական բեռի տակ մտնելով՝ մենք կարողացանք կրճատել այդ 80 մլն դեֆիցիտը Սեւանից հավելյալ ջրառ կատարելու խնդրանքով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ