Այսօր, օգոստոսի 28-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը հարցին՝ ինչպիսի՞ն է ՀՀ-ի դիրքորոշումը Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցությանը, պատասխանեց. «ԵԱՏՄ շրջանակներում նույնպես որոշումները կայացվում են բացառապես կոնսենսուսի հիման վրա: Եվ այս առումով մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, և դա երկակի մեկնաբանությունների տեղիք չի տալիս: Եվ դա նաև հստակ բարձրաձայնվել է վերջերս նախարար Մնացականյանի կողմից»:
Հստակեցմանը՝ ի վերջո ո՞րն է ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշումը՝ Ադրբեջանի` ՀԱՊԿ-ի հնարավոր անդամակցության մասով, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումն է այն, որ եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի՝ իր իրավունքը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ