«Այդ որոշումը բոլորի խղճին է մնալու»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց բնապահպան Կարինե Փանոսյանը`անդրադառնալով Սեւանից հավելյալ ջրառի մասին կառավարության որոշմանը: Հարցը, հիշեցնենք, այժմ քննարկվում է խորհրդարանի արտահերթ նիստում:
Այդ ընթացքում, «Փրկենք Սեւանը» կարգախոսով բողոքի ակցիա է ընթանում խորհրդարանի շենքի մոտ: Ցույցին հազիվ մեկ տասնյակ մարդ է մասնակցում: Բողոքող բնապահպանները դեմ են Սեւանից լրացուցիչ ջրառին, քանի որ, ըստ նրանց, այն կվտանգի Սեւանը: Իսկ եթե Սեւանը վտանգվում է, բնապահպանները վստահեցնում են, որ վտանգվում է Հայաստանը, յուրաքանչյուր մարդ: Նման ջրառներով ասում են, Սեւանին էկոլոգիական աղետ է սպասվում:
«Սեւանը ոչ ոքի չի հետաքրքրում: Բոլորը խոսում են այն մասին, որ գյուղացին այսօր ջուր չունի, բայց երբ մի քանի տարի հետո Սեւանը կճահճանա, կվտանգվեն բոլորը: Ոչ թե այսօր` Սեւանի հաշվին պետք է լուծել ոռոգման ջրի հարցը, այլ այդ խնդիրներին այլ լուծումներ գտնել»,- ասաց բնապահպան Կարինե Փանոսյանը:
Բնապահպաններին տարակուսելու տեղիք է տվել նաեւ այն, որ Սեւանից հավելյալ ջրառի մասին տեղեկությունը վերջին պահին է հայտնվել կառավարության նիստի օրակարգում:
Հույս ունեն, որ խորհրդարանը դեմ կքվեարկի այդ նախագծին:
Կարինե Փանոսյանը հեգնանքով է վերաբերվում վարչապետի այն հայտարարությանը, որ սրտի կսկիծով են գնում այդ որոշմանը. «Այդ որոշումը բոլորի խղճին է մնալու»: Բնապահպանները նաեւ ասում են, որ որոշումը կայացվել է ոչ բոլոր մասնագետների հետ քննարկումների արդյունքում:
Հարցին`ինչո՞ւ են բողոքի ակցիայի մասնակիցները այսքան սակավաթիվ, Կարինե Փանոսյանը պատասխանեց, որ ակտիվիստների մի մասը Ամուլսարի խնդրով են զբաղված:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ