Aravot.am-ին հասած տեղեկություններով` չարաշահումներ կատարելու կասկածանքով ձերբակալել են Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության 2 տեսուչների։ Նրանցից մեկը կին է, որին առողջական վատ վիճակի պատճառով պայմանականորեն ազատ են արձակել, իսկ մյուսին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել։
Այս մասին մենք տեղեկացանք տեղի ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով:
Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Արթիկի տարածաշրջանի 19 բնակիչների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետների կողմից 2007-2018թթ. ընկած ժամանակահատվածում սոցիալական անապահովության նպաստից օգտվող քաղաքացիների օգտին ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց անձամբ պահանջել և նրանցից ստացել են ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 4.970.500 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ