Երեկ Արմավիր-Երեւան երթուղու վարորդները գործադուլ են արել, եւ քաղաքացիները ստիպված տաքսիներով են եկել Երեւան։ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը գնացել էր Արմավիր՝ խնդրին ծանոթանալու համար։ ՀԺ-ն զրուցեց Փամբուխչյանի հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ խնդիր էր առաջացել։
– Պարոն Փամբուխչյան, ի՞նչ խնդիր էր առաջացել Արմավիր-Երեւան երթուղու հետ կապված։
– Խնդիրը հետեւյալն է՝ գոյություն ունի Երեւան-Արմավիր գիծ եւ դրան զուգահեռ գոյություն ունեն ինչ-որ մեքենաներ սպիտակ պետհամարանիշներով, որոնք ապօրինի սպասարկում են տվյալ գիծը։
Բնականաբար, այդ ապօրինի սպասարկող մեքենաները ազդում են ուղեւորահոսքի վրա։
– Այսինքն, իրարից ուղեւո՞ր են վերցնում։
– Այո, ու նաեւ կան տեղեկություններ, որ այնտեղ 50 դրամ էժան է, դե, բնականաբար, որ լիցենզավորում չի անցել, հարկ չի վճարում, հնարավորություն ունի այդպես անել։ Հիմա արդեն ամբողջությամբ իրավիճակին տիրապետում ենք, ինչպես նաեւ բանակցում ենք «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի հետ, որը սպասարկում է Երեւան-Արմավիր երթուղին։ Գծատերն ասում է՝ մինչեւ խնդիրը չլուծվի, նա չի սպասարկելու, բայց խնդիրը ինչ-որ մեկի հրամանով չի լուծվելու, այսինքն՝ մեկ քայլով գործողություն չի։ Մեր տեսչական մարմինը գնացել եւ արձանագրել է, որ ապօրինի սպասարկող մեքենաներ կան, բայց այդ մարմինը չունի տուգանելու լիազորություն, որովհետեւ լուծարվել է տրանսպորտային տեսչությունը, սա ընդհանուր տեսչական մարմին պետք է դառնա, որը չի կազմավորվել։ Մենք պետք է համագործակցենք ԱԱԾ-ի, ոստիկանության եւ ՊԵԿ-ի հետ, ամեն մեկի մասով, ասենք ապօրինի ձեռնարկատիրություն, ԱԱԾ-ն բացահայտի՝ հովանավորներ կա՞ն, թե՝ ոչ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում