Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դրական օրակարգի ժամանակը

Օգոստոս 28,2018 10:03

«Առավոտում» հրապարակած ՀՀԿ խմբակցության անդամ 4 պատգամավորների նամակը սպասելի ռեակցիա առաջացրեց: Ես, իհարկե, շատ կուզեի, որ դրա շուրջ մեր թերթում բանավեճ ծավալվեր՝ լուրջ, զուսպ, հարգալից: Բայց մեր հասարակական միտքը դեռեւս չի հասել այդ մակարդակին՝ ագրեսիվ, հարձակողական ոճն այդ մտքին հատուկ էր թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հատկապես դրանից հետո: Համենայնդեպս, «Առավոտի» ընթերցողները գիտեն, որ «Առավոտի» գործունեության արդեն 24 տարիների ընթացքում մենք բաց էինք եւ բաց ենք բոլոր կարծիքների համար՝ ՀՅԴ-ի, ՀՀՇ-ի, Կոմկուսի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ներկա կառավարության կողմնակիցների, «Սասնա ծռերի», անխտիր բոլորի:

Բայց հրապարակել հոդվածը` դեռ չի նշանակում դրա հետ համաձայն լինել: Կոնկրետ պատգամավորների նամակում կան կետեր, որոնք ինձ համար ընդունելի են, կան այնպիսիք, որոնց հետ ես համաձայն չեմ, եւ, վերջապես, կան մտքեր, որոնց հետ կապված որոշակի վերապահումներ ունեմ: Նախ՝ կրկին ուզում եմ «ընդվզել» ամպագորգոռ բառերի դեմ՝ «աղետ», «կործանում» եւ այլն: Խոսքի մեջ ներմուծվող ավելորդ դրամատիզմն իմ սրտով չի: Կտրականապես համաձայն չեմ այն պնդման հետ, որ կոռուպցիոն բացահայտումները մեր բանակում բացասաբար են ազդում պաշտպանունակության վրա: Ճիշտ հակառակը՝ որքան խիստ պատժվեն բանակը թալանող պաշտոնյաները, այդ թվում՝ բարձաստիճան սպաները, այնքան մեր բանակը կհզորանա:

Համաձայն չեմ, երբ ՀՀԿ պատգամավորները պնդում են, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները լարվել են՝ հօգուտ այդ պնդման որեւէ փաստ չի նշվում: Դա չի նշանակում, սակայն, որ նման վտանգ չկա. Ռուսաստանն անկանխատեսելի է: Լուրջ խնդիրներ չեմ տեսնում եվրոպական ուղղությամբ՝ հատկապես Մերկելի այցից հետո: Բայց թերեւս ժամանակն է, որ բոլոր ուղղություններով եւ, իհարկե, արցախյան հարցով կառավարությունը հանդես գա հստակ ձեւակերպած գաղափարներով, նախաձեռնություններով: Տնտեսական ոլորտում նշանավոր ձեռքբերումներ, այո, առայժմ չունենք, բայց ակնկալել դրանք երեք ամսում, իրատեսական չէ:

Ագրեսիվ մթնոլորտի, բաժանարար գծերի, անհանդուժողականության, վիրավորանքների, պիտակավորումների մասին ՀՀԿ պատգամավորների դատողությունները փաստական հիմք ունեն: Բայց ՀՀԿ-ականները պետք է հաշվի առնեն, որ իրենց նկատմամբ հասարակության մեծ մասի ատելությունն ինքնաբուխ է, ուղղորդված չէ՝ ճիշտ այնպիսին է, որը կար ժամանակին ՀՀՇ-ի եւ Քոչարյանի հանդեպ: Ուրիշ հարց, որ ներկայիս ղեկավարները չպիտի կառուցեն իրենց քաղաքական օրակարգն այդ ատելության վրա: Վաղ թե ուշ խնդիր կառաջանա դրական օրակարգ ձեւավորելու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մեզ այսօր դաժան օրենքներ են պետք՝ պետական դավաճանությունը կանխելու համար, կաշառակերությունը, այլ երկրների շահերի գործակալները, անօրինական եկամուտները ու ոչ միայն պետական պաշտոնյաների ու էլի լիքը նման բաներ, բայց նրանք, ովքեր նախկինում այս նոր օրենքները խախտած կլինեն, նրանց դատ է հասնում նախկին օրենքներով՝ օրենքը հետադարձ ուժ չունի, բայց պետական ու հասարակական քաղաքական պաշտոն չպետք է տալ՝ մի անգամ խախտողը հա էլ կխախտի՝ ինչո՞ւ մարդուն սադրել հանցանքի: Մեր նախկին կառավարությունների ղեկավարները բոլորն էլ այլ երկրների գործակալներ են եղել, թող գնան իրենք իրենց համակիրներով հրապարակավ իրենք իրենց քաղաքական դատն անեն, իսկ նոր օրենքները կվերաբերեն միայն նոր կառավարությանը ու նրա հաջորդներին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031