Այսօր՝ օգոստոսի 27-ին Իջեւանում, Տավուշի մարզպետարանում կայացավ ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը:
Միջոցառմանը մասնակցում էին կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը, մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները եւ նրանց տեղակալները:
Նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ փոխվելու է դպրոցների տնօրենների ընտրության, նրանց լիցենզավորման, դպրոցների կառավարման խորհուրդների ձեւավորման կարգը, նախկինում տեղերում իշխանիկները դպրոցների կառավարման խորհուրդները վերածել էին դպրոցները վերահսկող մարմինների:
Նախարարն ասաց, որ իրենք թույլ չեն տա, որ դպրոցները ներքաշեն տարբեր քաղաքական գործընթացների մեջ: Ա.Հարությունյանը հայտարարեց, որ մարզպետարանները, կրթության եւ գիտության նախարարությանը նախկինի նման դպրոցների շեֆ չեն, այլ՝ աջակից: Նա դպրոցների տնօրեններին հորդորեց լավատեղյակ լինել հանրակրթության վերաբերյալ օրենսդրությանը, իրենց իրավունքներին եւ պարտականություններին:
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները նախարարին հարցեր ուղղեցին ուսուցիչների աշխատավարձերի հնարավոր բարձրացման, դրույքաչափերի, ուսուցիչներին մրցույթով աշխատանքի ընդունելու, բազմակոմպլեկտ դասարանների, մաշված դասագրքերի, դպրոցների ֆինանսավորման, դպրոցական մարզադահլիճների հիմնանորոգման եւ այլնի մասին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ