«Բարգաված Հայաստան» կուսակցությունն, արդեն հրապարակել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում իր ցուցակի առաջին երեք թեկնածուների անունները։ ԲՀԿ-ի ցուցակն, ինչպես հայտնի է, գլխավորելու է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ցուցակի հաջորդ հորիզոնականներում են «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը եւ «Ինչ, որտեղ, երբ» խաղ գիտակ Արման Աբովյանը:
Հայտնի սպորտսմեն Նազիկ Ավդալյանը եւս հրապարակել է, որ ընդգրկվել է ԲՀԿ-ի ցուցակում:
ԲՀԿ-ն, հավանաբար վաղն արդեն կհանձնի համապատասխան փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հիշեցնենք, ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը օգոստոսի 29-նն է: Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին:
Aravot.am-ին հաջողվեց ճշտել, որ ԲՀԿ-ի ցուցակի առաջին տասնյակում են լինելու նաեւ բնապահպան Քրիստինե Վարդանյանը, Բժշկական համալսարանի մանկական ստոմատոլոգիայի եւ օրթոպեդիայի ամբիոնի դասախոս, բժիշկ Միքայել Մանիկյանը, հայտնի լրագրող, «Ռադիոլուրի» նախկին ղեկավար Հռիփսիմե Առաքելյանը: Չի բացառվում, որ ԲՀԿ-ի ցուցակում ընդգրկվի նաեւ նախկին պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Խոսակցություններ կան, որ հայտնի երգահան Ռիչարդ Մադլենյանը եվս կլինի ԲՀԿ-ի ցուցակում: Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը նկարներ է հրապարակել`«Մենք ու մեր Երեւանը» մակագրությամբ, որում նաեւ Ռիչարդ Մադլենյանն է: Նա կլինի՞ ԲՀԿ-ի ցուցակում, թե ոչ`չհաջողվեց պարզել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ