Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Շահերի բախում չի լինի. այդ պաշտոնը վերապահված է Հայաստանին, ոչ թե Խաչատուրովին». Հովիկ Աղազարյան

Օգոստոս 27,2018 19:55

ՀՀ ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր, ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը չի կարծում, որ ներքաղաքական և արտաքին քաղաքականության ոլորտում հակասություն կա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործի հարուցմամբ և ներկայումս ստեղծված իրավիճակի պարագայում:

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ-ի խնդիրները եւ անդրադարձել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված իրավիճակին, Լուկաշենկոն հայտարարել էր՝ «Ժամանակին մենք այլ թեկնածություններ էինք առաջարկում: Այդ ժամանակ մեզ չլսեցին»:

Այս առիթով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսպիսի գրառմամբ էր հանդես եկել. «Ակնհայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունները, անկախ Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործի ընթացքից, պարտավոր են ջանքեր գործադրել այդ սկանդալից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին Հայաստանի ներկայացուցիչ նշանակելու քվոտան պահելու համար»:

Aravot.am-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը փաստեց՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելը վերապահված է Հայաստանին, ոչ թե Խաչատուրովին, հետևաբար շահերի բախում այստեղ չի լինի: Այս առիթով պատգամավորն ասաց. «Հայաստանը կարող է ուրիշին ներկայացնել, բայց, եթե մարդը մեղադրվում է կոնկրետ արարքների մեջ, այդ ամեն ինչն իրավապահ մարմինները պետք է պարզեն, պարզաբանեն ու վերջակետ դնեն: Ուստի չեմ կարծում, որ այդ երկու հարցադրումներն իրար հետ հակասության մեջ լինեն»:

Մեր այն հստակեցմանը՝ այսինքն՝ վտանգ չե՞ք տեսնում, որ կարող է այս սկանդալի պատճառով  ՀՀ-ն կորցնի այդ քվոտան, ինչպիսի մտավախություն հայտնել է Արմեն Աշոտյանը, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Իհարկե, չեմ տեսնում վտանգ, քանի որ դա մեր գործն է և գործընկերային հարաբերությունների շրջանակն է, որտեղ պայմանավորվածություն կա, թե ով, ինչ դերակատարություն ունի: Հիմա տվյալ պարագայում մտադրությունների, տրամադրվածությունների հարց է: Իմ գործընկերները չպետք է այդ ճանապարհով խառնվեն մեր ներքին գործերին»:

Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ ՔՊ-ում քննարկե՞լ ե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարց: Պատգամավորը հայտնեց, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ գոյություն ունեն ներպետական կառույցներ, որտեղ նման հարցեր են քննարկվում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031