Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«S.O.S Սևան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Օգոստոս 27,2018 20:25

«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հետ կանչել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագիծը:

Բաց նամակում նշված է.

«Հարգարժան պարոն վարչապետ,

«S.O.S Սևան» նախաձեռնությունը խիստ մտահոգ է ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ: Մտահոգությունները պայմանավորված են հետևյալ փաստարկներով.

  • Ս/թ օգոստոսի 6-ին Ձեր կողմից տրված հանձնարարականի շրջանակներում կազմակերպած քննարկումներն, ըստ էության, հանրային բնույթ չկրեցին. Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակության քաղցրահամ  ջրային պաշարի` ոռոգման նպատակով  հավելյալ օգտագործման նպատակահարմարության հարցը չդրվեց լայն հասարակության քննարկման, քննարկման մասնակցության համար չեն իրազեկվել անգամ «S.O.S Սևան» նախաձեռնության  անդամները և կազմակերպությունները, ոլորտի  գիտնականները և փորձագետները, ովքեր կտային Սևանա լճի մակարդակի իջեցմամբ պայմանավորված լճի ճահճացման ռիսկերի հիմնավորումները:
  • «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ հիմնական շեշտադրումը ոռոգման ջրի դեֆիցիտն է, խոսք անգամ չկա Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, ջրի մակարդակի իջեցման հետ կապված բնապահպանական, սոցիալական, տնտեսական ռիսկերի մասին:
  • Կառավարությունում օրինագծի նախագծի քննարկման ժամանակ չներկայացվեցին կոնկրետ փաստեր և թվեր Սևան-Հրազդան ոռոգման համակարգից ապօրինի ջրօգտագործողների թվի, ծավալների վերաբերյալ, Արարատյան դաշտի ձկնային տնտեսություններին տրամադրված ՋԹ-ներով  ջրառի ծավալների` «Ջրի ազգային ծրագրի» մասին ՀՀ օրենքով սահմանված չափաքանակների  գերազանցումների մասին:
  • Ակնարկվեց ընդամենը ոռոգման համակարգի վերականգնման և բարելավման միտումների մասին` չներկայացնելով այդ գործընթացի համար պահանջվող ֆինանսական միջոցների աղբյուրները և ժամկետները:
  • Համոզիչ չէր կառավարության կողմից հնչած այն հայտարարությունը, որ հավելյալ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայից ստացված շահույթը կուղղվի Սևան-Հրազդան ոռոգման համակարգի արդիականացմանը, ինչի արդյունքում  կնվազեն ջրային ռեսուրսների կորուստները, քանի որ դեռևս 2017 թվականի հուլիսի 7-ին ստորագրված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված`  2017 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն խմ-ն գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների հասույթի և կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը, ինչն այսօրվա դրությամբ կազմում է 1645139600,0 դրամ գումար, չի  օգտագործվել  Սևան-Հրազդան ջրառի համակարգի արդիականացման վրա: Ավելին, ըստ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գլխավոր քարտուղարի կողմից մեզ ուղղված 07/ԱԿ/10/4915-18 (27.08.2018թ.) գրության, ներկայումս շրջանառության մեջ է այդ գումարը ՀՀ պետական բյուջե փոխանցելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ելնելով վերոնշյալ փաստարկներից` «S.O.S Սևան» նախաձեռնությունը, որը միավորում է` Էկոլոգիական հասարակական դաշինքը,   «ԷկոԼուր», «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա», «Թռչնասերների կենտրոն», «Խազեր» էկոլոգամշակութային, «Շողեր», «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն», «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Հայաստանի անտառներ», «Բլեջան», «Սպառողների աջակցման կենտրոն»,  «Կովկաս»,  «Երիտասարդական գաղափարներ», «Առողջ կյանք», «Արազա», «Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն», «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա»,  «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունների և 55 ակտիվիստների, դիմում է Ձեզ` խնդրելով հետ կանչել ՀՀ ԱԺ-ի քննարկմանը  ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը`ակնկալելով հետագա համագործակցություն շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

«S.O.S Սևան» նախաձեռնություն»:

Հիշեցնենք, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունման համար օգոստոսի 28-ին` ժամը 11.00-ին, ՀՀ Ազգային ժողովում կգումարվի արտահերթ նստաշրջան: Նույն օրը` ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովի դիմաց կանցկացվի բողոքի ակցիա` ի պաշտպանություն Սևանա լճի:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031