ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարբեր ստորաբաժանումներում պրակտիկա անցնող երիտասարդ մասնագետների հետ։
Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է, որ կառավարման նոր համակարգում երիտասարդների ներուժը պետությանը ծառայեցնելու համար անհրաժեշտ է նրանց համար ստեղծել ինքնադրսևորվելու հարթակներ․ «Երիտասարդներն այսօր ապացուցելու բան ունեն․ եթե ամիսներ առաջ ասում էինք՝ ապագան երիտասարդներինն է, ապա հիմա վստահաբար կարող ենք ասել՝ այսօր արդեն երիտասարդները հնարավորություն ունեն իրենց ուսերին կրել մեր պետականության զարգացումը։ Այս հնարավորությունը մենք ձեզ ընձեռում ենք»։
Նախարարը կարևորել է յուրաքանչյուր պրակտիկանտի ներգրավվածությունը նախարարության համապատասխան ստորաբաժանումներում, խնդիրներ առաջ քաշելու և լուծման տարբերակներ առաջարկելու նրանց պատրաստակամությունը։
«Ձեր առաջարկները էական դեր կարող են ունենալ, վստա՛հ եղեք ձեր ուժերին։ Մեզ արագություն է պետք, երիտասարդական ավյուն, որի պակասը դուք չունեք»,- ասել է նախարարը։
Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը վստահեցրել է, որ նմանատիպ քննարկումները կլինեն շարունակական, և հորդորել երիտասարդներին՝ զգացեք ձեզ պետական կառավարման համակարգի մի մասնիկը։
Հուլիսի 17-ին տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտարարություն էր տարածել նախարարությունում պրակտիկայի կազմակերպման նպատակով դիմում-հայտերի ընդունման մասին։ Ստացված 828 դիմումների ուսումնասիրության և հարցազրույցների արդյունքում ընտրվել է շուրջ 80 թեկնածու, ում պրակտիկան տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կընթանա երկու եռամսյակով։ Առաջիկա եռամսյակում նախարարությունում մասնագիտական որակները կկատարելագործեն և պետական կառավարման համակարգի գործունեությանը ծանոթանալու հնարավորություն կունենա 37 երիտասարդ։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն