«Դա հնարավոր չի»,- ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը կորցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցիչն ունենալու քվոտան:
Հիշեցնենք, որ նման մտահոգություն էր հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ վերլուծելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը: Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ-ի խնդիրները եւ անդրադարձել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված իրավիճակին, Լուկաշենկոն հայտարարել էր՝ «Ժամանակին մենք այլ թեկնածություններ էինք առաջարկում: Այդ ժամանակ մեզ չլսեցին»:
Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ կարող են ձգձգել հաստատումը, բայց չեն կարող Հայաստանին զրկել այդ քվոտայից, մինչեւ 2020-ը այդ տեղը պատկանում է Հայաստանին. «Հնարավոր է միայն նրանք արհեստական խոչընդոտներ ստեղծեն, բայց չեմ կարծում, որ Հայաստանի փոխարեն այլ երկիր իր թեկնածուին ներկայացնի»:
Արմեն Վարդանյանը հիշեցրեց, որ սկզբնական շրջանում կարծես չգրված օրենք կար, որ միայն ՌԴ ներկայացուցիչը պետք է լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ավելի ուշ որոշվեց, որ այդ պաշտոնը պետք է ռոտացիոն կարգով անցնի մեկ պետությունից մյուս պետության: Ըստ ռուս փորձագետների, Ղազախստանն ու Բելառուսը նույնիսկ դեմ են եղել դրան, եւ այդ կարգը հաստատվել է Պուտինի ջանքերի շնորհիվ:
Հարցին՝ հաշվի առնելով Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը, Մարտի 1-ի գործը, դա կարո՞ղ է Հայաստանի հեղինակության վրա ազդել ու ՀԱՊԿ-ում դրա հետ կապված մենք ի՞նչ խնդիրներ կարող ենք ունենալ, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Հայաստանը մի քիչ անփութություն է դրսեւորել, պիտի առաջին հերթին հետ կանչեր Խաչատուրովին, նշանակումն աներ, նոր նրա նկատմամբ մեղադրանք առաջադրեր: Բայց այնպես չի, որ դա անլուծելի խնդիրներ է առաջացրել: Աշոտյանն ակնարկում է, որ Լուկաշենկոն կարող է խնդիրներ ստեղծել, Հայաստանը պետք է հասկացնի Լուկաշենկոյին, որ այբբենական կարգով հաջորդը հենց իրենք են՝ Բելառուսը, եւ եթե մեզ համար իրենք շարունակեն խոչընդոտներ հարուցել, 2020-ից հետո էլ Հայաստանն է իրենց համար խոչընդոտներ հարուցելու: Ուղղակի պետք է աշխատեն որոշակի առումով, ՀԱՊԿ-ի հեղինակությունը տուժել է, ամեն դեպքում դա լուրջ կազմակերպություն է, կամ այդպիսի հայտ է ներկայացնում, եւ Լուկաշենկոյի եւ մյուսների կողմից նման արձագանքները ինչ-որ տեղ նաեւ հասկանալի է»:
Արմեն Վարդանյանն ասաց, որ հիմա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Խաչատուրովին փոխարինողի նշանակումը կարող է ձգձգեն, փորձեն խոչընդոտել, ինչպես եղավ նաեւ Խաչատուրովի նշանակման ժամանակ. «Ոչ Հայաստանի ներկայացուցչի նշանակման տարբերակ հնարավոր չէ: Եթե նման բան տեղի ունենա, դա հայկական դիվանագիտության համար պարտություն կլինի: Հայկական կողմը պետք է աշխատի այդ երկրների հետ, փորձի բացատրել իրենց: Իրոք, տհաճ դեպք է տեղի ունեցել, բայց չէի ասի, որ անլուծելի է, մանավանդ, որ նրա փոխարեն ներկայացվող թեկնածուն շատ ավելի ընդունելի է, խոսքը ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի մասին է»:
Մենք հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում դիտորդ երկրների կարգավիճակ սահմանելու հարց է քննարկվում, կա՞ վտանգ, որ Հայաստանը այդ կարգավիճակին անցնի, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Նման բան չկա: Հայաստանը ինքը պետք է նման ցանկություն հայտնի, բայց Հայաստանը նման ցանկություն չի հայտնել, հետեւաբար Հայաստանի համար նման վտանգ չկա, Հայաստանին հեռացնելու տարբերակ չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ