Երեւանում 2017թվականին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2016-ի համեմատ նվազել են 3.5%-ով: Հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երեւան քաղաքի, 2017-ին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները 2016-ի համեմատ նվազել են 5.0%-ով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության օրերս հրապարակած ցուցանիշներից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած հանրահավաքին հայտարարել էր՝ Երեւանում ու հանրապետության բազմաթիվ քաղաքներում վերջին 3 ամսվա ընթացքում անշարժ գույքի գներն աճել են շուրջ 20%-ով:
ԱՎԾ-ի հրապարակման համաձայն, 2018-ի առաջին կիսամյակում անշարժ գույքի շուկայում, այո, գնաճ է արձանագրվել: Օրինակ՝ մայրաքաղաքում կենտրոն համայնքում բնակարանի 1 քմ-ն անցյալ տարվա հունիսին եղել է 451 500 դրամ, այս տարվա մայիսին՝ 515 000, հունիսին՝ 530 000: Մայրաքաղաքի բոլոր համայնքների բնակարանների գներն այս տարվա առաջին կիամյակում աճել են: Արաբկիր համայնքում անցյալ տարվա հունիսին բնակարանի 1քմ-ի արժեքը կազմել է 341 050 դրամ, այս տարվա մայիսին՝ 363 500 դրամ, իսկ հունիսին՝ 368 950 դրամ: Քանաքեռ-Զեյթուն համայնքում 2017-ի հունիսին բնակարանի 1 քմ-ն կազմել է 268 000 դրամ է, այս տարվա մայիսին՝ 274 000 դրամ, իսկ հունիսին՝ 276 100 դրամ:
Նոր-Նորքում անցյալ տարվա հունիսին բնակարանի 1 քմ-ի արժեքը կազմել ՝ 230 000 դրամ, այս տարվա մայիսին՝ 241 900, հունիսին՝ 240 000 դրամ, իսկ Ավանում 2017-ի հունիսին՝ 248 000 դրամ, այս տարվա մայիսին՝ 256 700, հունիսին՝ 257 300 դրամ, Էրեբունիում անցյալ տարվա հունիսին՝ 237 000, այս տարվա մայիսին՝ 252 500, այս տարվա հունիսին՝ 252 050 դրամ: Շենգավիթում նախորդ տարվա հունիսին՝ 240 000 դրամ, այս տարվա մայիսին՝ 252 400, հունիսին՝ 254 000 դրամ, Դավթաշենում նախորդ տարվա հունիսին՝ 250 000 դրամ, այս տարվա հունիսին՝ 283 400 դրամ, հունիսին՝ 288 200 դրամ, Աջափնյակում անցյալ տարվա հունիսին՝ 226 250 դրամ, այս տարվա մայիսին՝250 100 դրամ, հունիսին նվազել է, կազմելով՝ 249 700 դրամ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախորդ տարվա հունիսին՝ 230 000 դրամ, այս տարվա մայիսին՝ 238 000 դրամ, հունիսին՝ 239 800 դրամ եւ Նուբարաշենում անցյալ տարվա հունիսին՝ 156 000 դրամ, այս տարվա մայիսին՝ 168 100 դրամ, հունիսին մի փոքր նվազել է գինը, կազմելով՝ 166 հազար դրամ:
Վարաչպետը նաեւ վստահեցրել էր, որ արտերկրի հայերը ոչ միայն գալիս են որպես զբոսաշրջիկ, այլ նաեւ բնակարաններ են գնում Երեւանում եւ հանրապետության այլ քաղաքներում:
ԱՎԾ-ն դեռեւս Փաշինյանի նշած ամբողջ ժամանակահատվածի ցուցանիշը չի հրապարակել, միայն մինչեւ հունիս ամիսը: Եվ, ըստ ԱՎԾ-ի, նախորդ տարվա համեմատ բնակարանների եւ բնակելի տների առքուվաճառքի գործարքներն, այո, աճել են, բայց ոչ մեծ ծավալով: Օրինակ՝ նախորդ տարվա հունիսին հանրապետությունում բազմաբանակարան շենքերի բնակարանների առուվաճառքի 1 264 գործարք է կնքվել, այս տարվա մայիսին՝ 1 267, հունիսին՝ 1 696, իսկ բնակելի տուն՝ անցյալ տարվա հունիսին՝ 410 տուն, այս տարվա մայիսին՝ 488 տուն, հունիսին՝ 499 տուն: Ընդ որում, բնակարանների առուվաճառքի գործարքների առյուծի բաժինն ընկնում է Երեւանին՝ այս տարվա հունիսին այն կազմել է 1 267: Մարզերում նման գործարքներ ամենաշատը կնքվել են Կոտայքում, որտեղ այս տարվա մայիսին բնակարանների առուվաճառքի 106 գործարք է կնքվել, հունիսին՝ 126, իսկ Շիրակում մայիսին՝ 43, հունիսին՝ 68: Մնացած մարզերում հունիսը մայիսի նկատմամբ հիմնականում նման գործարքների անկում է արձանագրվել, իսկ եթե այդ գործարքներ կնքվել էլ են, ապա՝ շատ քիչ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Վարչապետը նաեւ վստահեցրել էր, որ արտերկրի հայերը ոչ միայն գալիս են որպէս զբօսաշրջիկ, այլ նաեւ բնակարաններ են գնում Երեւանում»
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ իմ օրինակով 🙂