Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունները  նախապատրաստվում են  2018-2019 թթ. ուսումնական տարվան

Օգոստոս 27,2018 17:25

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ 2018-2019թթ. ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում պատշաճ դիմավորելուն ուղղված բոլոր նախապատրաստական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Ըստ այդմ` արդեն ուսումնասիրվել են կրթական հաստատությունների էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման ցանցերն ու քայլեր ձեռնարկվել նկատված թերությունները վերացնելու ուղղությամբ: Նաև զեկուցվել է, որ ընթանում են դպրոցամերձ տարածքների խաչմերուկների գծանշման և ճանապարհային նշանների կարգաբերման աշխատանքները: Երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով էլ սեպտեմբերի 1-30-ը, ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, կանցկացվի անվտանգ երթևեկության միամսյակ: Ըստ այդմ, կրթօջախների հարակից տարածքներում կսահմանվի ուժեղացված հսկողություն:

Աշխատակազմի առողջապահության վարչության տվյալներով, նոր ուսումնական տարվան ընդառաջ, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում գործող բուժկետերն արդեն իսկ համալրվել են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով:

Հանրակրթության վարչության պետն իր հերթին զեկուցել է, որ ձեռնարկվել են համապատասխան քայլեր՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու ուղղությամբ:

Անդրադառնալով 2018-2019թթ. ուսումնական տարվան ընդառաջ իրականացվող աշխատանքներին՝ քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը աշխատակազմի հանրակրթության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել հսկողությունն ու քայլեր ձեռնարկել Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը զեկուցվել է, որ  սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, փողոցների բարեկարգման, թեքահարթակների կառուցման և վթարային պատշգամբների, ինչպես նաև  բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Շարունակվում է նաև ամենօրյա հսկողությունը ապօրինի շինությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին  հանձնարարվել է  բոլոր ուղղություններով շարունակել խստացված հսկողությունը:

Հաշվի առնելով Նուբարաշենի քաղաքային աղբավայրում տիրող իրավիճակի վերաբերյալ Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների մտահոգությունն ու առաջարկությունները՝ Կամո Արեյանը հանձնարարել է բոլոր պատասխանատուներին աղբավայրում իրականացնել ամենօրյա աշխատանքներ՝ առկա խնդիրները մեղմելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև աղբավայրում սահմանել մշտական հսկողություն աղբավայրից դուրս աղբ չտեղադրելու ուղղությամբ:

Խորհրդակցության ավարտին Կամո Արեյանը պատասխանատուներին հանձնարարել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 17 հոդվածի 5-րդ մասի համաձայն Երևանի ավագանու 2018թ. սեպտեմբերին կայանալիք արտահերթ  ընտրություններին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու ուղղությամբ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031