Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Խաչատուրովի տնական օժիտը չէ, դա Հայաստանին պատկանող տեղն է»

Օգոստոս 27,2018 16:37

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ-ի խնդիրները եւ անդրադարձել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված իրավիճակին: Լուկաշենկոն ասել է՝ «Ժամանակին մենք այլ թեկնածություններ էինք առաջարկում: Այդ ժամանակ մեզ չլսեցին»:

Այս առնչությամբ մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ նշանակելու քվոտան կորցնենք եւ չկարողանանք նրան փոխարինել Հայաստանի մեկ այլ ներկայացուցչով, դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը պատասխանեց. «Նախ, ՀԱՊԿի գլխավոր քարտուղարի պաշտոնը այսպես ասած բյուրոկրատական պաշտոն է, կոորդինացնում է քարտուղարության ապարատի աշխատանքը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին եւ Խաչատուրովի թեկնածությանը, դա էլ Խաչատուրովի տնական օժիտը չի, դա Հայաստանին պատկանող տեղն է, որտեղ ռոտացիոն կարգով երկրե երկիր փոխվում է: Դրա համար Բելառուսը հիմա հավակնում է այբբենական կարգով, որ Հայաստանից հետո իր ներկայացուցչը լինի: Մենք Խաչատուրովին էինք ներկայացրել, հիմա դժվարությամբ են համաձայնել, թե հեշտությամբ, դա ուրիշ հարց է, կաշառք էր վերցրել Ալիեւից, ուզում էր բարդություն ստեղծել, ստեղծեց: Հիշո՞ւմ եք, երբ Լուկաշենկոն մեդալ ստացավ Ալիեւից, ասաց՝ «я это очень ценю, я отработаю»: Հիմա աշխատանքը տանում է, ստացած փողի դիմաց իր պարտքն է վճարում: Բայց դա ՀՀ ներկայացուցչի տեղն է մինչեւ կարծեմ 2020-ը, մենք այդ ընթացքում 5 անգամ կարող ենք փոխել մեր ներկայացուցչին, նույն Խաչատուրովը կարող էր մահանալ այդ ընթացքում, կարող էր հիվանդանալ, այլ պաշտոնի տեղափոխվել, հո ճակատին գրա՞ծ չի: Անփոխարինելի չի, ուրիշ բան, որ տեսականորեն կարող են անդամ երկրները ուրիշ մեկի թեկնածությանը չքվեարկել, խնդիր առաջացնել: Դա արդեն կստացվի, որ իրենք որոշակի քաղաքական խնդիր են լուծում եւ ոտնահարում են ՀԱՊԿի հիմնական փաստաթղթերը: Խաչատուրովի փոխարեն Հայաստանը պիտի ներկայացնի մեկ այլ  թեկնածություն, իրենք պիտի քննարկեն, կողմ կամ դեմ լինեն: Եթե չանցավ, մեկ այլ թեկնածուի պիտի ՀՀն ներկայացնի, մինչեւ լինի: Դա չի նշանակում, որ այդ տեղն անցնելու է Բելառուսին»:

Ըստ Արա Պապյանի, եթե Խաչատուրովի փոխարեն Հայաստանը մի ազատամիտ դեմոկրատ մարդու թեկնածություն առաջարկի, հաստատ դեմ կլինեն. «Նրա անցյալը պիտի ընդունելի լինի Պուտինի ու Լուկաշենկոյի նման մարդկանց, իրենց սովետական տիպի գեներալ է պետք»:

Հարցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանն էլ օգտվի ստեղծված իրավիճակից, եւ իր անդամակցության հարցը բարձրացնի, Պապյանը պատասխանեց, որ երբ Ադրբեջանը պաշտոնապես դիմի, պետք է ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները քվեարկեն, Խաչատուրովը Հայաստանի ներկայացուցիչը չէ ՀԱՊԿ-ում, այնտեղ մենք առանձին ներկայացուցիչ ունենք. «Խաչատուրովը քվե չունի, հետեւաբար, երբ Հայաստանը վետո դրեց Ադրբեջանի մուտքի վրա, Ադրբեջանը չի կարող անդամակցել: Եվ ես չեմ կարծում, որ  Ադրբեջանը կգնա դրան, սա պարզապես հերթական խաղերն է, ուզում են ինչ-որ բան շահել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031