Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց բուժումից վերադարձած զինվորականներին

Օգոստոս 27,2018 16:13

Օգոստոսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ ԶՈՒ հինգ զինծառայողների, որոնց վերջույթների պրոթեզավորումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու վարչության աջակցությամբ կազմակերպվել էր Հնդկաստանում:

Հանդիպմանը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ զինվորականները ստացել են անհրաժեշտ բուժումը և վերադարձել հայրենիք՝ պատրաստակամորեն շարունակելու իրենց ծառայությունն ազգին և հայրենիքին: Սրբազանը նաև հավելեց, որ վիրավոր զինվորներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող աջակցության այս ծրագրի շրջանակներում տարվա ընթացքում նախատեսված է պրոթեզավորել տասնվեց զինվորականի:

Երիտասարդ սպաներն ու զինվորները խորին շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին իրենց բուժումը Հնդկաստանում կազմակերպելու  համար՝ ընդգծելով, որ իրենց առավել ուժ և զորություն է հաղորդում այն իրողությունը, որ Հայոց Եկեղեցին հայ զինվորականի կողքին է իր աջակցությամբ: Նրանք մասնավոր գոհունակությամբ նաև հաստատեցին իրենց նկատմամբ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում դրսևորված ջերմ հյուրընկալությունը:

Այնուհետև Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով հայրենյաց պաշտպաններին, հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով և բուժման արդյունավետությամբ:

«Մենք մեր խոնարհումն ենք բերում ձեզ և մեր Հայոց բանակի զինվորներին: Ազգը սիրում և գնահատում է իր զինվորներին և պատրաստ է ամեն հանձնառության հանուն ձեզ և Հայոց բանակի», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` արձանագրելով, որ ցուցաբերվող զորակցությունը նվազագույնն է, որ Մայր Աթոռը կարող է անել հայրենիքի և հայ ժողովրդի հանդեպ նվիրական պարտքը կատարելու ժամանակ ծանր վիրավորում ստացած զինվորականների համար:

Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հպարտ է նման արի զավակներով, ովքեր պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի: Իր շնորհակալությունը հայտնելով հայորդիներին իրենց քաջարի ոգու և հայրենասիրության համար` Նորին Սրբությունը հավաստիացրեց, որ Մայր Աթոռը պիտի շարունակի իր օգտակարությունը բերել մարտական գործողություններում վիրավորում ստացած զինվորներին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց զինվորներին, նաև աղոթեց, որ  որևէ հայորդի հարկադրված չլինի իր կյանքը վտանգել հայրենիքի խաղաղ ու անվտանգ կյանքի համար:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031