Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը` Մնջախաղի թատրոնին նախկինում  հատկացված տարածքի մասին. «Հուշարձան շենքում փոփոխություններ չեն կարող լինել»

Օգոստոս 27,2018 15:41

Երբ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը, խոսելով պետպատվերի ու ներկայացումների մասին, ասաց, որ այսուհետ ֆինանսավորում կտրվի այն թատրոններին, որոնք կմասնակցեն միջազգային փառատոներին, Aravot.am-ը հետաքրքրվեց` այդ դեպքում ինչո՞ւ աջակցություն չի ստանում Ժիրայր Դադասյանի ղեկավարած Մնջախաղի թատրոնը, որը մշտապես միջազգային փառատոններից  վերադառնում է գլխավոր մրցանակներով, ինչո՞ւ ֆինանսավորում չտրվեց մնջախաղի փառատոնի համար: Նաեւ հարցրինք` ինչո՞ւ առկախ մնաց թատրոնի շենքի հարցը, եթե նախկին նախարար Արմեն Ամիրյանի օրոք տարածք էր հատկացվել ու անգամ նախագծային աշխատանքներ կատարվել:

«Դեռեւս նախորդ կառավարության օրոք կրճատվել է մշակույթի ոլորտի բյուջեն, նաեւ որոշում էր կայացվել նախկին 16 մլն դրամի փոխարեն տրամադրել միայն 8մլն դրամ փառատոնի իրականացման համար… Նախորդ նախարարի եւ պարոն Դադասյանի միջեւ պայմանավորվածություն  էր ձեռք բերվել, որպեսզի բավարար չափով ապահովվի այն որակը, որն իր առաջ դնում է պարոն Դադասյանը, ու փառատոնն անցկացնել երկու տարին մեկ: Եվ այս տարի հենց այն տարին էր, երբ փառատոնը չէր իրականացվելու»,-ասաց Լիլիթ Մակունցը:

Ինչ վերաբերում է թատրոնի շենքի հարցին, այս մասին էլ ասաց. «Նախորդ կառավարության կողմից մնջախաղի թատրոնին տրամադրվել է այն շենքի հարկը, որը նրանք զբաղեցնում են վարչական աշխատանքներ կատարելու համար: Իրենց ներկայացումները խաղում են Պատանի հանդիսատեսի թատրոնում, որի վարձակալության վճարը տրամադրում է մշակույթի նախարարությունը: Պարոն Դադասյանի բարձրացրած հարցը հետեւյալն էր, որպեսզի թատրոնը լիարժեք գործի եւ չօգտվեն այլ թատրոնների բեմից, ունենան սեփականը, նրանք առաջարկում էին իրենց վարչական աշխատանքների համար օգտագործվող շենքում (նկատի ունի Գրիգոր Քոչար 21 հասցեում գտնվող շենքը-Գ.Հ.)  կատարվեն շինարարական փոփոխություններ, մուտքն անեն դրսի կողմից: Խնդիրն այն է, որ այդ շենքը հուշարձան շենք է եւ որեւէ կերպ փոփոխություններ չեն կարող լինել այնտեղ»:

Լիլիթ Մակունցն ասաց, որ մշակույթի նախարարությունում մնջախաղի թատրոնի վերաբերյալ չկա որեւէ նախագիծ, ու իր կարծիքով հնարավոր է` եղել է բանավոր պայմանավորվածություն: Նաեւ ասաց, որ այժմ ուսումնասիրություններ են կատարում, թե ուրիշ ինչ հարմար շենք կարող են հատկացնել Մնջախաղի թատրոնին:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031