«Նման հայտարարությունը համարում եմ նուրբ դիվանագիտություն: Ինձ համար այն ավելի շատ ակնարկ է հետեւյալ փաստի մասին. քանի որ ՀԱՊԿ-ում նախագահությունը հաջորդիվ ստանձնող երկիրը Բելառուսն է, Լուկաշենկոն ասում է, որ ով էլ մինչ այդ լինի գլխավոր քարտուղար՝ իր համար միեւնույնն է»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր, անդրադառնալով ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշոնկոյի այսօրվա հայտարարությանը, թե ինքը ժամանակին Յուրի Խաչատուրովի փոխարեն այլ թեկնածուների է առաջարկել կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, բայց մյուս երկրներն իրեն «չեն լսել», ասաց ՀՀ նախագահի խորհրդական, քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ-ն նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացը, քանի որ Մարտի մեկի հայտնի գործով նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:
«Այդ հայտարարությամբ Լուկաշենկոն կարծես ՀՀ-ին ասում է՝ Խաչատուրովին հետ եք կանչում, կանչեք, մենք ի՞նչ ասենք, մենք կսպասենք տարի ու կես, հետո մեր թեկնածուին կառաջակենք…Ստացվում է, որ ժամանակին Խաչատուրովի օգտին քվեարկելիս ՀԱՊԿ բոլոր անդամները համաձայն էին, բացի Լուկաշենկոյից: Նա էլ հիմա ազնիվ արտահայտում է իր միտքը»:
Թեւան Պողոսյանի խոսքով՝ վերոնշյալը ենթադրում է, որ առաջիկայում Բելառուսը գուցե համաձայն չլինի ՀՀ-ի առաջադրած նոր թեկնածուին. «ՀՀ-ն պետք է հասկանա, թե ինչպիսի դիվանագիտություն է անհրաժեշտ վարել, որպեսզի իր շահերը ՀԱՊԿ-ում առաջ մղվեն»:
https://www.facebook.com/aravot.am/videos/364880960718289/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ