«Ողջ ընթացքում Ադրբեջանի իշխանությունները նույն նախադասությունն են արտասանում: Իր տեսանկյունից Ալիեւը վրիպակ թույլ չի տվել՝ նման բան ասելով: Հարցն այն է, թե արդյո՞ք մենք արցախյան հիմնախնդիրը ներկայացնում ենք այնպես, որ նման հայտարարություններն ազդեցություն չունենան որեւէ երկրի ղեկավարի հետ հանդիպմանը»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր, անդրադառնալով օրերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համատեղ ասուլիսում վերջինիս հայտարարությանը, թե «Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի հողերը», ասաց ՀՀ նախագահի խորհրդական, քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նկատի ունենալով այն փաստը, որ Մերկելը եւս չասաց տարածքների վերաբերյալ որեւէ խոսք, Թեւան Պողոսյանը նշեց. «Մերկելը, միեւնույն է, չի’ արտասանելու այն, ինչ ակնկալում է Ալիեւը: Նույն կերպ գուցե չարտասանի այն, ինչ մեզ է ձեռնտու: Պետք է հասկանանք, որ Գերմանիան արտաքին քաղաքականության մեջ իր շահերի վրա է հիմնվում»:
Այս անգամ, ըստ Թեւան Պողոսյանի, Բաքվում Մերկելի հայտարարություններում զսպվածություն կար. «Միաժամանակ, նա ՀՀ-ի խնդիրների հանդեպ ավելի լավ ընկալում ցուցաբերեց իր խոսքերում, քան Ադրբեջանի հանդեպ»: Ըստ Թեւան Պողոսյանի՝ ՀՀ-ի գլխավոր խնդիրն այս պահին այն է, որ Մերկելի հետ քննարկված բոլոր գաղափարները եւ ծրագրերին առաջ տանի, նաեւ՝ նորերը մշակի. «Այդ դեպքում հնարավոր է՝ ավելի մեծ ֆինանսական օժանդակություն ստանանք այդ երկրից: Գերմանական կողմից կա քաղաքական պատրաստակամություն՝ օգնելու մեզ ինչպես վիզաների ազատականացան գործընթացում, այնպես էլ բիզնես-գիտություն-մշակույթ ոլորտներում գործակցությունը զարգացնելու հարցում»:
https://www.facebook.com/aravot.am/videos/364880960718289/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ