Լրահոս
Օրվա լրահոսը

«Արփայի հովիտը»՝ տարածքային բրենդ. Վայոց ձորում առաջին քայլեր են կատարվում

Օգոստոս 27,2018 14:44

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը օգոստոսի 24-ին հերթական մարզային այցելություն է կատարել՝ այս անգամ ուղևորվելով դեպի Վայոց ձոր։ Մարզպետ Արագած Սաղաթելյանի և գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Արենիի խաղողի այգիներ, որտեղ արդեն հասունացել է վայոցձորյան հայտնի «Արենի» սորտի խաղողը։

Այգետերը՝ Ռաֆիկ Սիմոնյանը, Արենիում խաղողագործությամբ զբաղվում է սկսած 2001 թվականից, ունի շուրջ 15 հեկտար խաղողի այգիներ։ Այս տարվա բերքատվությունից գոհ է, իրացման խնդիրներ, իր խոսքով, մարզում հազիվ թե առաջանան, իր այգու բերքը վերամշակում է սեփական գինու գործարանում, որը դարձյալ «Արենի» անունն է կրում։ Բերքահավաքից հետո՝ աշնան-ձմռան ամիսներին, ձեռնամուխ կլինի կաթիլային համակարգի ներդրման աշխատանքներին, նոր այգիները, որոնք նախատեսում է հիմնել, նույնպես ոռոգման նորագույն համակարգ կունենան։ Նա քաջատեղյակ է պետական օժանդակության ծրագրերից, հետաքրքրվել և համոզվել է՝ կաթիլային համակարգի միջոցով ջրի էական խնայողություն կունենա, ծախսերը կկրճատվեն և բերքատվությունը կավելանա։

Տեղեկանալով, որ Եղեգնաձորում Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրային քննարկում ՝ մեկ հարկի տակ համախմբելով մարզի գյուղատնտեսության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերին,  նախարարն ուղևորվել է մարզկենտրոն, մասնակցություն ունեցել միջոցառմանը, որտեղ տեղի է ունեցել կոոպերացիայի մոդելների վերաբերյալ քննարկում, ինչպես  նաև պատասխանել մասնակիցներին հուզող մի շարք հարցերի՝ բերքի իրացում, բուժանյութերի որակի վերահսկում, կաթի մթերում, ոռոգման խնդիրներ և այլն։

Այնուհետև Արթուր Խաչատրյանն այցելել է Եղեգնաձորի «Օլդ Բրիջ» գինու գործարան։ Աշնանը 20-ամյակը նշող, միջազգային տարբեր ցուցահանդեսներում ոսկե մեդալների  արժանացած  «Օլդ Բրիջ»-ը գինու արտադրանքը բացի ավանդական ռուսական շուկայից, արտահանվում է նաև Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Շվեյցարիա, այս տարի նախապատրաստվում է նաև Միացյալ Նահանգների շուկա մուտք գործել։ Փոխտնօրեն Արմեն Խալաթյանի խոսքով՝ իրենց հաջողության գրավականը որակն է։ Երաշխավորված որակ ապահովելու համար արտադրության մեջ կիրառում են միայն սեփական այգիների «Արենի» և «Ոսկեհատ» խաղողը, որը քաղցրանում է Արփիի ջերմ արևի շողերի տակ։

«Նախարարին ներկայացրեցինք, որ ուզում ենք մեր գինով և այստեղ արտադրվող այլ ապրանքներով տարածքը դարձնել բրենդ՝ որպես «Արփայի հովիտ»։ Արդեն մեր գինու պիտակի վրա նշվում է «Արփայի հովիտ.Վայոց ձոր», որն առաջին քայլն է»,-նշել է գինեգործը։

Արմեն Խալաթյանն առանձնահատուկ գոհունակություն հայտնեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ վերջին երկու տարիների համագործակցությամբ՝ մասնավորապես միջազգային մրցույթների և ցուցահանդեսների կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև խաղողի այգիների քարտեզագրման, տեղական սորտերի անձնագրավորման կարևորագույն աշխատանքների իրականացման համար։

Այցի շրջանակում նախարարը եղել է նաև այծաբուծությամբ զբաղվող «Գոլդեն Գոութ» ընկերությունում: Այն  գործում է 2009 թվականից, հիմնականում զբաղվում են այծի պանրի արտադրությամբ: Ընկերության տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանի խոսքով` պանրի 90 տոկոսն արտահանվում է ՌԴ, մնացածը ներքին շուկայում է իրացվում:

Ապա նախարար Խաչատրյանը այցելել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույց, որտեղ հանդիպում է ունեցել աշխատակիցների հետ։ Նախարարը կարևորել է կառույցի աշխատանքը՝ մարզի գյուղատնտեսության զարգացման գործում՝ ընդգծելով բարձրակարգ խորհրդատվության մատուցման, արագ արձագանքման և կանխարգելիչ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Վայոցձորյան այցի վերջին կանգառը Զառիթափ համայնքում էր, որտեղ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում կառուցվել է 3 խմոց, 300 մետր ջրագիծ է անցկացվել։

«Հերթական մարզային այցելությունն էր, բավականին հագեցած օրակարգով։ Այցելեցինք թե խաղողի այգիներ, թե պտղատու այգիներ, եղանք փոքր բուտիկ գինու արտադրամասում, համտեսեցինք գինին։ Շատ հետաքրքիր ընտանեկան բիզնես էր, տարեկան ընդամենը 10 000 շիշ են արտադրում, բայց արտահանման աշխարհագրությունը շատ մեծ է։ Այցելեցինք նաև Գոլդեն գոութ ընկերություն, Հայաստանում այծաբուծությունը շատ զարգացած չէ, սակայն Վայոց ձորը մեր երկրի այծաբուծության կենտրոնն է»,- մասնավորապես նշել է նախարար Խաչատրյանը՝ ամփոփելով այցի արդյունքները։

Անդրադառնալով խաղողի մթերման հարցին՝ նախարարը նշել է, որ իրացման խնդիրներ չեն ակնկալվում, ընդհակառակը մեծացել է խաղողի պահանջարկը և թեև դեռևս գինեգործական կազմակերպությունները մթերման գին չեն հայտարարել, սակայն այն նախորդ տարվանից բարձր կլինի։ Խաղողագործության զարգացման հարցում նախարարը կարևորել է նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աշխատանքը։ Նա տեղեկացրել է, որ Ճապոնական դրամաշնորհի շրջանակում խաղողի կադաստր ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Հիմնադրամը արշավախմբեր է կազմել, որոնք վերջին ժամանակահատվածում շուրջ 30 էնդեմիկ սորտեր են   հայտնաբերվել, որոնք կորած էին համարվում. դրանք շուտով կհամալրեն Երկրագործության գիտական կենտրոնի  կոլեկցիոն այգին։

Իր խոսքում Նախարարը անդրադարձել է նաև խորհրդատվական համակարգի աշխատանքներին.

«Կարծում եմ, պետք է ավելի նախաձեռնողական լինել։ Իրենք էլ տեսնում են, որ երբ գալիս ես, կանգնում ես գյուղացու կողքին, հաջողությունն ավելի մեծ է լինում։ Մարդիկ պահպանողական են, երբեմն տեղեկացված չեն, ուստի պետք է ավելի նախաձեռնողական լինել, ավելի ակտիվ լինել և չսպասել, որ գան քո դուռը թակեն։ Խորհրդատվության հավելյալ արժեքը այն պետք է լինի, որ ոչ միայն պրոբլեմը լուծի, այլ բացահայտի այն»։

Մարզպետ Արագած Սաղաթելյանի խոսքով՝ Վայոց ձորը գյուղատնտեսական մարզ է և նախարարի այցը ոգևորիչ է ֆերմերների համար։ Նրա խոսքով՝ այս տարի խաղողի  բավականին բարձր բերք է ակնկալվում։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031