Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա փորձ է արվում կրթությանը տեր կանգնել». Արևիկ Անափիոսյան

Օգոստոս 27,2018 14:48

ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը վստահեցրեց՝ նոր աշխատաոճ է ներդրվում նախարարությունում:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը փոխնախարարը նշեց, որ աշխատել են հիմնական երեք ուղղություններով՝ ներքին արդյունավետության բարձրացում, բարեփոխումների տեսլականի ձևավորում և դրանից բխող ֆինանսների համապատասխան արդյունավետություն և բաշխում:

Այս առիթով Արևիկ Անափիոսյանը մանրամասնեց. «Այսօր մեզ համար առաջնահերթություն է համակարգի փոփոխությունը: Այն չի ծառայում 21-րդ դարի կրթության մարտահրավերներին: Նախկինում չենք ունեցել հստակ քաղաքականություն, թե ուր ենք տանում մեր կրթությունը: Հիմա փորձ է արվում կրթությանը տեր կանգնել, որը ինչ-որ չափով բաց թողնված է եղել: Մյուս խնդիրը ֆինանսների ճիշտ բաշխումն ու օգտագործումն է»:

Կրթության փորձագետ, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Սերոբ Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ որակյալ կրթությունը հասանելի է դառնում միայն հարուստների և տաղանդավոր երեխաների համար, իսկ միջին խավի համար կրթությունը հասանելի չէ: Այնուհետև, վկայակոչելով նախորդ կառավարությանը, նշեց. «Կարեն Կարապետյանի կառավարությունը բացարձակ թվերով և տոկոսով նախատեսում էր կրթության բյուջեի անկում: Նոր կառավարությունն ամեն դեպքում անկում չի անելու, մնալու է 2.2 տոկոսի սահմաններում»:

Սերոբ Խաչատրյանի հավաստմամբ՝ կարևոր է կրթության ապակուսակցականացման խնդիրը. «Անցումային ապակուսակցականացումն էլ կրթության ոլորտում է: Պետք է այնպես անել, որ ապակուսակցականացման անցումային գործընթացը լինի սահուն, որ նոր պատեր չառաջանան դպրոցների և նախարարության միջև»:

Հանրային քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչ Աննա Գևորգյանը վստահեցրեց՝ կա քաղաքական կամք կրթությունը համակարգորեն վերանայելու և նոր բովանդակություն ու որակ ապահովելու համար. «Հստակ պետք է հասկանալ այն դերերը, որը պետությունը, ակադեմիական աշխարհը, շուկան և բոլոր այն կառույցները զբաղեցնում են: Պետք է հասկանալ, թե որն է նոր կրթական համակարգ ձևավորելու մեջ լինելու կրթության դերը»:

«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս Արա Աթայանի կարծիքով՝ 100 օրվա ընթացքում արմատական փոփոխություններ լինել չեն կարող, փոփոխությունների արդյունքները նույնիսկ մեկ տարվա ընթացքում դժվար տեսանելի լինեն. «Արմատական փոփոխությունների իրական պտուղները կարող ենք քաղել 10-15 տարվա ընթացքում: Կրթությունը գործ ունի սերունդների հետ: Հեղափոխական որոշումներ պիտի ընդունվեն, դրա համար պետք է որոշում ընդունողների կողմից խիզախություն»:

Ըստ Արա Աթայանի՝ որոշ դեպքերում նախարարությանը պետք չէ դեմ առ դեմ թողնել այս խնդիրների հետ: Ըստ նրա՝ պետք է աշխատանքային հեղինակավոր մարմին, որի մեջ կլինեն և՛ այլընտրանքային ուղղություն ներկայացնողներ, և՛ ավանդական կրթության այն ներկայացուցիչները, որոնք ունեն հեղինակություն մեր հասարակության մեջ:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ, Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Մարինա  Գալստյանն էլ թվարկեց մի շարք խնդիրներ, որոնք տարիներ շարունակ չեն լուծվել. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուսանողների մեծ մասը համալսարան է ընդունվում կապեր ձեռք բերելու համար, դա կարևոր է, բայց դա չի կարող լինել կրթության համակարգ տանող միակ օպերացիոնալ վարքի մոդելի հիմքը: Խնդիր է նաև կրթության համակարգի գաղութացումը, երբ ծնողներն են սկսում որոշում կայացնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031