«Նման կտրուկ հայտարարություններ անելը, այն էլ՝ այդ մակարդակում, երբեք չեն ընկալվում դրական: Ի՞նչ է նշանակում «օկուպացնել», եթե կա նախապատմություն: Կարծում եք՝ Մերկելը տեղյակ չէ՞՝ ի՞նչ է կատարվել իրականում»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համատեղ ասուլիսում վերջինիս հայտարարությանը, թե` «Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի հողերը», ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Հիշենք, որ նախորդիվ Ալիեւն ասել էր, թե Երեւանը պետք է գրավել ու պատժել հայերին: Եթե ես լինեի մեր ԱԳՆ-ի ուղղորդողներից մեկը, մեծ ուշադրություն կդարձնեի այդ հարցին»,-նկատեց Արման Նավասարդյանը:
Ապա նշեց, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օրերս Վրաստանում արտասանեց «տարածքային ամբողջականություն» բառը, ինչը ձեռնտու էր այդ երկրին. «ՀՀ-ում նա Արցախի հարցով նման հայտարարություն չարեց, բայց Բաքվում եւս չարտասանեց, չնայած՝ սպասում էին: Ադրբեջանի մամուլը ձեւացնում է, թե Մերկելի այցը Բաքու հաջող է եղել, բայց իրականում չեղավ այն, ինչ Ադրբեջանը սպասում էր Ղարաբաղի հարցում: Ավելին՝ Մերկելն ասաց, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»:
https://www.facebook.com/aravot.am/videos/1802029459912736/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ