Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ո՞վ է մեղավոր». Վաճառականը՝ թանկությունից զարմացած վարչապետին

Օգոստոս 27,2018 14:23

Վարչապետը շրջայց էր անում Գումի շուկայում: Նա ասաց, որ ահազանգ է ստացել, որ գները շատ բարձր են, եկել է համոզվելու եւ պատճառներն իմանալու:

Շուկայի հաճախորդներից մեկը փորձեց Փաշինյանի հետ նկարվել ու նրան հրավիրեց Ստավրոպոլ՝ ասելով, որ այնտեղ լիքը հայեր կան: Փաշինյանը պատասխանեց՝ կգամ, եթե համաձայնեք, որ իրար հետ բոլորով հետ ենք գալու:

Վարչապետը հիմնականում հետաքրքրվում էր լոլիկի, վարունգի գներից: Վաճառականներից մեկն ասաց, որ լոլիկի 1 կգ-ը 800 դրամ է: Վարչապետը զարմացավ՝ այս սեզոնին 800 դրա՞մ, է՞լ ինչն է այդ գների: Առեւտրականն էլ պատասխանեց՝ վարունգը՝ 800-1000 դրամ: Վարչապետն է’լ ավելի զարմացավ՝ «այ քեզ բա՜ն, ի՞նչն է պատճառը»: Պարզվեց՝ վերավաճառող էր, ասաց՝ թանկ եմ առել, թանկ եմ վաճառում:

Վարչապետը զարմացավ նաեւ, երբ շուկայում ծիրան տեսավ, հետաքրքրվեց՝ սառնարանի՞ է: Վաճառականներից մեկը պատասխանեց, որ իրենը սառնարանի չէ, Արտաշատի ուշահաս ծիրանն է:

Վարչապետը հետաքրքրվեց՝ ո՞նց եք ընդհանուր, ոնց որ առեւտուրը լավ չի, հա՞: Վաճառականը պատասխանեց. «Շատ վատ է, իսկ ո՞վ է մեղավոր»: Փաշինյանն արձագանքեց՝ «Ո՞վ է մեղավոր, կառավարությո՞ւնը»: Վաճառականը պատասխանեց. «Չէ, կառավարությունը չի, եղանակը շոգ ա, քիչ է բերքը»: Փաշինյանը հարցրեց՝ «Բայց մրգի բերքը շատ է եղել, հիմա էժա՞ն է միրգը: Օրինակ, տանձը հիմա ինչքա՞ն է»: Ասացին՝ 300 դրամից մինչեւ 1000 դրամ: Փաշինյանը արձագանքեց՝ «Էնպես չի, որ էժան է, 300 դրամը էժա՞ն է տանձի համար: Ամառվա համար էժան չի»:

Վաճառականներն ասացին, որ 150-ից մինչեւ 1000 դրամ պոմիդոր կա: Վարչապետը հետաքրքրվեց՝ ո՞ւր է 150 դրամ, հիմա 150 դրամ պոմիդոր կա՞: Վաճառականները վստահեցրին, որ այո, եթե շրջի շուկայում, կհանդիպի: Ավելի ուշ Փաշինյանը տեսավ 150 դրամանոց պոմիդոր, մանր էր:

Հետո Փաշինյանը վերցրեց բազուկի տերեւները, ինչպես ժողովուրդն է ասում՝ «բազուկի ճավը», հարցրեց՝ ի՞նչ արժի: Պատասխանեցին՝ 150 դրամ: Վարչապետն արձագանքեց՝ «մի քիչ էս էլ է թանկ, էլի, պիտի լիներ 100»:

Իր համար որոշակի ճշտումներ անելուց հետո Փաշինյանը շուկայից հեռացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031