Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային օրենսգրքի փոփոխությունների սցենարները. կխուսափե՞նք գնաճից

Օգոստոս 27,2018 15:30

Առցանց Առավոտի եթերում «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում
Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները քննարկում են տնտեսական զարգացման
եւ ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը եւ «ԷդԱրթՀաուս Քընսալթինգ» ՍՊԸ-ի
հիմնադիր-տնօրեն Էդուարդ Բադալյանը:

Ի՞նչ կտա Հարկային օրենսգրքի փոփոխությունը ՓՄՁ-ին, արդյոք այլ տեսակի հարկերի շեմը չի բարձրանալու, արդյոք կոռուպցիան կնվազի:

Նելլի Բաբայան– Պարոն Ավագյան խնդրում են ներկայացնել ամենակարեւոր փոփոխությունները: Հիմնականում խոսվում է եկամտահարկի շեմի փոփոխության մասին:
Հակոբ Ավագյան- Փոփոխություններ դեռեւս չկան: Այս պահին քննարկվում են հայեցակարգերը: Հիմնականում 2 գերատեսչության կարծիք է շրջանառվում եւ ներկայացվել է կառավարության ղեկավարին: Առայժմ վերջնական պատկերը չունենք: Ճիշտ եք, հիմնական քննարկվող հարցերից է եկամտային հարկը, նաեւ զուգահեռներ է անցկացվում պարտադիր սոցիալական վճարների հետ: Մյուս կարեւոր հարցը՝ գործող Հարկային օրենսգրքով շրջանառության հարկի շեմի նվազեցում է նախատեսված. սա է քննարկվում: Եվ մյուսը՝ հարկային համակարգերի կրճատումը, փորձո՞ւմ են գնալ կրճատման, թե՞ ոչ, որը մի շարք շփոթության կամ ասենք տարբեր հարկման ռեժիմներում, որ գործում են, կհիշեք՝ սուպերմարկետների, արտադրողների շղթայում խնդիրներ ունենք: Այսինքն առկա խնդիրները, որոնք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով խոչընդոտում են բիզնեսին, կամ ստիպում են լինի կոռուպցիոն գործարքներով հասույթ թաքցնել, կամ վարձու աշխատող թաքցնել, եւ այլն: Տարբեր շահառուների հետ հանդիպման ժամանակ հարցերը հավաքագրել ենք: Երբ լինի վերջնական հայեցակարգը՝ կներակայցվեն, թե ինչ փոփոխություններ են սպասվում:

Ն.Բ. -ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասել է՝ «Կունենանք հարկային բեռի փոփոխություն, որովհետեւ լինելու է կապիտալի եւ եկամուտների հարկման նվազեցում, սպառման հարկման բեռի ավելացման ճանապարհով»: Արդյոք սա գնաճի չի հանգեցի, եւ եթե հնարավոր է, թվերով ներկայացրեք հարկի շեմի փոփոխությունը:

Հ.Ա. -Թվերով այս պահին չեմ կարող ներկայացնել, քանի որ մի քանի սցենար է քննարկվում: Կարծում եմ՝ պարոն Անանյանի ասածը սցենարներից մեկն է, որ ունենանք ավելի փոքր եկամտային հարկման բեռ, բայց որպեսզի պետական բյուջեն կարճաժամկետում, այսպես ասած՝ կորուստներ չունենա, անուղղակի հարկերի տեսքով, օրինակ ՝ ակցիզային հարկի տեսքով եւ այլն, բարձրացում արվի: Բնական է, ակցիզային հարկի բարձրացումը բերում է ապրանքների գնաճին, բայց կոնկրետ ի՞նչ տեսակի ապրանքներ, որքա՞ն սպառման ծավալ է ունենում մեր առօրյա կյանքում, դա պետք է հաշվել: Մենք ասում ենք՝ օրինակ՝ նվազագույն պարենային զամբյուղը չպետք է հարկել աշխատավարձի մեջ, դրա արդյունքում էլ մենք անուղղակի ձեւով ունենում ենք եկամտային հարկի նվազեցում: Այս դեպքում, բյուջեն կարճաժամկետում կորուստ է ունենում, բայց գերփոքր բիզնեսի հետ հանդիպումներում, մենք տեսնում ենք, որ եթե հիմա նրանք վարձու աշխատող են թաքցնում, 150-200 հազար դրամ աշխատավարձ ստացողներին, այս դեպքում մենք հնարավորություն կտանք ստվերից դուրս գան: Գուցե նրանք կրկին շարունակեն ճիշտ աշխատավարձը չհայտարարագրել, բայց այս դեպքում գոնե հնարավորություն կտանք հայտարարագրելու: Մենք առաջարկել ենք ֆինանսների նախարարությանը եկամտային հարկի շեմը հաշվարկելիս զուգահեռներ տանել, թե՝ գործատուի վրա այդ վարձու աշխատողն ինչքան է նստում՝ բոլոր հարկերն ու վճարները միասին վերցրած: Բացի բյուջեի կարճաժամկետ կորստից, ճիշտ կլինի նայել, թե՝ հեռանկարում, մուլտիպլիկատիվ էֆեկտով ինչքան ենք հանարավորություն տալիս, որ հայտարարագրումներ լինեն, որ գան սպիտակ դաշտ:

Ն.Բ. -Պարոն Բադալյան, ձեր հոդվածներից մեկում ասել եք՝ Հարկային օրենսգրքում առկա են այնպիսի իրավակարգավորումներ, որոնք անգամ արգելում կամ առնվազն արգելակում (դանդաղեցնում) են տնտեսական գործունեության առանձին տեսակներ: Ինչի՞ մասին է խոսքը:

Էդուարդ Բադալյան. Տեղի ունենալիք փոփոխություններին այս պահի հրապարակայնությունից դատելով, դեռ հստակ ոչինչ չկա, բայց որքանով հասկանալի է խոսքը դրույքաչափերի, շրջանառության հարկի շեմի, եկամտային հարկի փոփոխության մասին է: Սրանք դրական փոփոխություններ են, այո, շրջանառության հարկի շեմը պետք է բարձրացվի, որովհետեւ այն ինչ նախատեսվում է ունենալ հաջորդ տարվանից, (58 մլն դրամ) ծիծաղելի է, ցածր է: Մեր օրենսգրքի հիմքում դրված է հարկային մարմնի կարողությունների որոշակի կարողության բացակայությունը կոմպենսացնելու մոտեցումը: Հենց դրանով է պայմանավորված, որ որոշ գործունեության տեսակներ ուղղակի արգելված են: Օրինակ՝ շրջիկ վաճառքը, կամ արգելակվում է օնլայն առեւտուրը, որովհետեւ այնպիսի պայմաններ են դրված, որ հնարավոր չէ աշխատել: Հիմա կազմակերպությունները մանրեւրում են, անընդհատ խնդիրների մեջ են, թե ինչպես ապահովեն անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը: Կարեւոր է փոխել ամբողջ օրենսգրքի փիլիսոփայությունը, որը ոչ թե պետք է կոմպենսացնի հարկային մարմնի հնարավորությունների պակասը, կամ անկարողությունը, այլ պետք է սահմանի ընդհանուր նորմեր, թե ինչպես պետք է բիզնեսը հարկվի, իսկ հարկային մարմինը պետք է լինի այնքան պրոֆեսիոնալ, որպեսզի կարողանա հսկել այդ ամենը եւ հարկահավաքման գործընթացն իրականացնի: Հարկային օրենսգիրքը հիմա ունի ռեպրեսիվ բնույթ: Ինչ վերաբերում է անուղղակի հարկերի շեմի բարձրացմանը, ես կարծում եմ դրա կարիքը չպիտի լինի, որովհետեւ դա հնարավոր է լրացնել ստվերի կրճատման եւ տնտեսական աճի հաշվին:

Ն.Բ.- Պարոն Ավագյան, արդյոք քննարկումներ կան ավելացված արժեքի հարկի կրճատման շուրջ:

Հ.Ա. -Դա կրկին սցենարներից մեկն է: Օրինակ՝ կունենանք միկրոձեռնարկատիրությունը, պայմանական եմ ասում՝ մինչեւ 24 միլիոն շրջանառություն ունեցողները, որոնք եւ փոքր արտադրողներ են, փոքր ծառայություն մատուցողներ, բացառելով մի քանի ոլորտներ: Ասենք՝ մասնագիտական ծառայություններ մատուցողնեը, օրինակ՝ հաշվապահական ընկերությունները, կարիք չկա նրանց պետությունն աջակցի, որ հարկ հաշվարկեն: Կամ ունեցել ենք փաստաբանական ծառայություններ, որոնք նախկինում հենց մեր առաջարկած ընտանեկան ձեռնարկատիրական ռեժիմից են օգտվել եւ հարկ չեն տվել: Նրանք ի զորու են վարել հաշվապահություն գոնե շրջանառության հարկի ռեժիմում, եւ չօգտվեն արտոնությունից: Միկրոձեռնարկատիրության համար դիտարկվում է մի քանի սցենար՝ 0%, 0,5% շրջանառությունից, որին մենք ավելի կողմնակից ենք, որպեսզի այդ մշակույթն իր սկզբանե բիզնեսի մոտ լինի, սիմվոլիկ գումար է, բայց սովոր լինի՝ պետությանը պետք է հարկ տա: 2-րդը՝ միկրոձեռնակատիրության եւ շրջանառության հարկի ռեժիմը: 3-րդը՝ դասականը՝ ԱԱՀ եւ շահութահարկ: ԱԱՀ-ի մասով կոնկրետ մոտեցում չունենք:

Ն.Բ.– Կա՞ն ոլորտներ, որի մասին մտածում եք ԱԱՀ չկիրառել որոշ ապրանքների վրա, քանի որ, օրինակ՝ դեղագործական ընկերությունները մշտապես այս խնդիրը բարձրացնում են:

Հ.Ա. -Այո, ճիշտ եք, այդպիս քննարկվող սցենարներ կան, որ առանձնացվի որոշ ապրանքների մասով: Կառավարության նիստերում բերում են ներդրումային ծրագրեր՝ արտոնություններից օգվելու՝ ԱԱՀ վճարը երեք տարի հետաձգելու համար: Հիմա դա փորձում ենք ամփոփել եւ ներկայացնել օրենքի տեսքով: Մենք նաեւ քննարկում ենք գյուղատնտեսական ապրանքների մեջ հստակ տոկոս, որպեսզի ԱԱՀ-ն ֆիքսվի, որպեսզի հաշվանցման իրավունք լինի:

Է.Բ.- Ես կողմնակից եմ հրաժարվել ԱԱՀ-ից՝ հոգուտ առեւտրի կամ վաճառքի հարկի: Ներդնենք մեկ միասնական հարկատեսակ վաճառքներից եւ դաշտում միատեսական մոտեցում լինի բոլորի համար, բայց դա կլինի ոչ թե հեղափոխական, այլ խիստ հեղափոխական մոտեցում:

Հ.Ա.- Դա քննարկվում է, սցենարներից մեկն է:

Է.Բ.– Կարծում եմ ըստ գործունեության տեսակի տարանջատումը խտրական մոտեցում է: Այստեղ խնդիրը հաշվառում վարելը չէ: Կապ չունի փաստաբանական ընկերություն է, կամ ամուսին-կին, փոքր ընկերություն են, չեն գերազանցում սահմանված շեմը, կարծում եմ պետությունը պետք է թույլ տա իրենց հարկվել համապատասխան դաշտում: Եթե շեմը սահմանում են 100 կամ նույնիսկ 500 մլն դրամ, եթե սահմանումը անում եք նույն կերպ կոշտ, ինչպես մինչ օրս գործող օրենսդրությամբ են արել, ստացվում է, տնտեսվարողը երբ 1 դրամ էլ գերազանցի՝ ընկնում է ավելի ծանր հարկման դաշտ ե՛ւ այդ տարի, ե՛ւ մյուս տարի: Այն դեպքում երբ մարդը տվյալ տարում ունենում է 24 մլն եւ 1 դրամ ավելի շրջանառություն, եւ եթե ինչ-որ պատճառով հաջորդ տարի 10 միլիոն չունենա, բայց պետք է հարկվի ավելի բարդ համակարգով: Այս մոտեցումը պետք է փոխվի, քանի որ պրակտիկայում մարդիկ կձգտեն չգերազանցել կամ թաքցնել իրացման շրջանառությունը:

Հաղորդումը վարեց՝
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԸ

Մանրամասները`

«Առավոտ»

25.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031