Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունց. «Ամեն օր տագնապալի զգացողություն ունեմ, որ ոչինչ չեմ հասցնում»

Օգոստոս 27,2018 14:01

Օգոստոսի 27-ին, ամփոփելով աշխատանքային 100 օրը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց հատկապես 15 խնդիր, որոնք լուծում են ստացել: Դրանց թվում են հետեւյալները` 7 կառույց ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ, Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին տրամադրվել է նոր շենք, վերանայվել են դահլիճների վարձակալության վճարները, մշակվել է դպրոցականների` մշակութային հաստատություններ այցելելու համակարգը,  դպրոցում դրամաշնորհային «Քո արվեստը» ծրագիրը, մշակույթի նախարարությանը ներկայացվող նախագծերի նոր հայտաձեւը, լրամշակվել է կինոնախագծերի մրցույթների անցկացման եւ ֆինանսավորման համակարգը, «Հայֆիլմ» կինոստուդիայի ժառանգությունը փոխանցվել է իրավահաջորդ Հայաստանի ազգային կինոկենտրոնին, ստեղծվել է գրականության հանրահռչակման բաժին, կանխվել է 32 հուշարձանների վտանգումը,  նախատեսվել է 30 մլն դրամ հատկացնել Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու վերջնական նորոգումն իրականացնելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրիում բացել ստեղծարար կենտրոն, մշակվել են 5 տարիների համար նախարարության ռազմավարության գերակա ուղղությունները, նախարարության նոր կազմակերպական կառուցվածքի նախագիծը:

Նախարարն  ասաց, որ իրենց հաջողվել է իրականացնել բոլոր միջոցառումները, որոնք ծրագրել էին:

Մանրամասները` տեսանյութում

Լիլիթ Մակունցն անդրադարձավ նաեւ միջազգային համագործակցություններին եւ մշակույթի նախարարության քաղաքականությանն  ու ռազմավարությանը: «Այս ոլորտում ռազմավարություն մշակելու համար մեզ պետք է ոլորտի գործիչների ներգրավվածությունը…Միեւնույն ժամանակ մենք սահմանել ենք մշակույթի ոլորտի գերակա ուղղությունները, որոնք հինգն են`  մշակույթի եւ կրթության համադրված զարգացում, մշակույթի ապակենտրոնացում եւ համաչափ զարգացում, օրենսդրական դաշտի կարգավորում, պատմամշակութային հուշարձանների պահպանություն, հանրահռչակում եւ օգտագործում, ինչպես նաեւ դրամաշնորհային քաղաքականության  կիրառումը»,-ասաց նա

Մանրամասները` տեսանյութում

Նախարարը, պատասխանելով օպերային թատրոնում տիրող անառողջ մթնոլորտի վերաբերյալ հարցին, ասաց, որ թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար  Կոնստանտին Օրբելյանի`  արձակուրդից վերադառնալուց հետո որոշել են անդրադառնալ խնդիրներին, որոնք ներկայացվել են ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր:

«Հուսով եմ, որ մոտ ապագայում պարոն Օրբելյանը կներկայացնի այն քայլերը, որոնք ձեռնարկելու է օպերայի առողջացման եւ աշխատանքների արդյունավետ իրականացման  ուղղությամբ»,-ասաց նախարարը:

Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց`արդյոք պատրաստվո՞ւմ են օպերային թատրոնում վերականգնել գլխավոր դիրիժորի հաստիքը, որի կրճատման արդյունքում էր փաստորեն Կարեն Դուրգարյանը հեռացվել օպերայից: Նախարարն ասաց, որ անդրադարձել են կրճատված հաստիքներին եւ խոսել են այն թեմայով` արդյոք դրանք անդրադառնում են օպերային թատրոնի աշխատանքի արդյունավետության վրա: «Նաեւ խոսել ենք այն մասին, որ տնօրենը առանձին հաստիք պետք է զբաղեցնի, գեղարվեստական ղեկավարը` մեկ այլ: Տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի հաստիքները պետք է միմյանց հետ կոնֆլիկտի մեջ լինեն, որի արդյունքում է արդյունավետ աշխատանք լինում: Խոսել ենք նաեւ գլխավոր դիրիժորի հաստիքի վերականգնման անհրաժեշտության մասին, սպասում ենք պարոն Օրբելյանը վերադառնա արձակուրդից»,-հայտնեց Լիլիթ Մակունցը:

Մանրամասները` տեսանյութում

Հարցրինք նաեւ, թե իր աշխատանքի ի՞նչ թերացումներ կնշի, որովհետեւ մի քանի էջում ամփոփված մամուլի հաղորդագրության մեջ միայն հաջողությունների մասին էր խոսվում: «Ամեն օր  տագնապալի զգացողություն ունեմ, որ ոչինչ չեմ հասցնում, չնայած նրան, որ օրվա ընթացքում աշխատանքին բավականին շատ ժամանակ եմ հատկացնում, ե’ւ ես ե’ւ թիմը: Չէի ասի թերացում, բայց ժամանակային առումով այն կերպ, որ կուզենայի ավարտված լինեին ինչ-ինչ աշխատանքները, որոշները դեռ ավարտված չեն»,-պատասխանեց նախարարը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Առօրյա հարցերի եւ խնդիրնեի լուծման հետ մեկտեղ պետք է նոր գործելակերպի հիմքերը դնել Մեր Մշակույթի զարգացման գործին, եթե ոչ, Ձեր ժամանակը կմանա միշտ անբավավար…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031