Առաջին ատյանի դատարանը ճանաչել է «փաստաբանի» անմեղությունը
Դատարաններում մեր դիտարկումները ցույց են տալիս, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները փխրուն են, եւ շատ հաճախ դրանք թույլ ապացույցների պատճառով «փլվում են»:
Ահա դրանցից մեկը: Չորս հատորանոց գործը դեռ դատարանում է: Դատախազ Մ.Գրիգորյանը պահանջում է առաջին ատյանի դատարանով անմեղ ճանաչված Ա. Ն.-ին դատապարտել 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, եւ այդ կապակցությամբ բողոք է բերել:
Ըստ մեղադրանքի կողմի դատարան ներկայացրած ապացույցների, Ա. Ն.-ն, չհանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, «խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշատակություն կատարելու դիտավորությամբ, տուժող Ժ. Հ.-ին ներկայացել է որպես փաստաբան, օգտվելով վերջինիս բնակարանը կորցնելու ծանր կացությունից եւ ՀՀ դատախազությունում իբրեւ իր ունեցած ծանոթ դատախազին 1 000 000 ՀՀ դրամ գումար կաշառք տալու միջոցով բնակարանը հետ վերադարձնելու պատրվակով, տուժողից պահանջել եւ նրա բնակարանում խաբեությամբ ստացել է խոշոր չափերի` 1 000 000 ՀՀ դրամ գումար եւ հափշտակել այն»:
Դատավորը հռչակել է ամբաստանյալ Ա. Ն.-ի անմեղությունը, նրա նկատմամբ դադարեցրել քրեական հետապնդումը, արդարացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով.
«Փաստաբանն» իրեն դատարանում մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք է տվել, որ սովորել է Աստվածաբանական ակադեմիայում, ավարտել նաեւ համալսարաններից մեկի իրավաբանական ֆակուլտետը, եւ որպես իրավաբան երբեւէ չի աշխատել: Հետեւաբար, նա չէր կարող թե գործով ներգրավված վկային, թե տուժողին ներկայանալ որպես փաստաբան, ասելով, թե «կատարում է փաստաբանական աշխատանքներ»:
Նա հայտնել էր. «ՀՀ դատախազությունում մտերիմներ կամ ծանոթներ չունեմ: Տուժողն ինձ 1.000.000 ՀՀ դրամ չի տվել, որպեսզի ես այդ գումարը փոխանցեմ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին»:
Ամբաստանվողը հայտնել էր, որ տուժող կնոջ՝ Ժ. Հ.-ի հետ ծանոթացել է չորս տարի առաջ իր ծանոթներից մեկի միջոցով: Տուժողն այդ ժամանակ բնակվել է իր ծանոթի տանը, քանի որ տուժողի բնակարանը քույրը յոթ ամսով «վարձակալել էր»: Վարձակալման ժամանակ, ըստ գործի նյութերի, տուժողի Է. անունով մեկ այլ ծանոթը բնակարանը գրավ է դնում, ստանալով 4.000.000 ՀՀ դրամ գումար: Վարկի տոկոսը դառնում է 900.000 ՀՀ դրամ, բանկն էլ նախազգուշացնում է, որ չմուծելու դեպքում տունը պետք է ազատվի: Ամբաստանյալին նրա ծանոթը խնդրում է, որ տուժողին օգնելու համար ՀՀ գլխավոր դատախազին դիմում գրի՝ ներկայացնելով իրավիճակը:
«Տեսնելով ընկերոջս եւ տուժողի ծանր վիճակը՝ դիմում եմ գրել ՀՀ գլխավոր դատախազին»,- ցուցմունք էր տվել ամբաստանվողը:
Ի դեպ, այդ ժամանակ գլխավոր դատախազը Գեւորգ Կոստանյանն էր:
Դիմումը գլխավոր դատախազին ուղարկելուց հետո, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվում:
Տուժողի խնդրանքով, Ա. Ն.-ն ներգրավվում է որպես ներկայացուցիչ:
Որքան էլ զարմանալի է, վարույթն իրականացնող մարմնի կողմից նրան չի պարզաբանվել, որ ներկայացուցիչ լինելու համար պետք է կամ փաստաբան լինել, կամ ունենալ համապատասխան լիազորագիր. «Քննիչն ասել է, որ պետք է իրավաբանական որակավորում ունենալու մասին դիպլոմի եւ անձնագրի պատճենները ներկայացնի»:
Ա.Ն.-ն հայտնում է նաեւ, որ «Որպես ներկայացուցիչ ներգրավվելուց հետո, հարեւաններից ստորագրություններ են հավաքել այն մասին, որ տուժողը չի ցանկացել բնակարանը վաճառել: Այդ ստորագրությունները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին: Բացի այդ, միջնորդել է, որ դատաբժշկական փորձաքննություն նշանակվի տուժողի նկատմամբ, քանի որ պարզվել է, որ նա «Արմենիա» բժշկական կենտրոնի 4-րդ հարկի պատուհանից 2-3 անգամ ցանկացել է նետվելով ինքնասպան լինել: Ինքնասպանության փորձերից առաջ հիվանդանոցում նա գրություն է թողել այն մասին, որ անտուն մնալու պատճառով ցանկանում է կյանքին վերջ տալ»: Ա. Ն.-ի կողմից կային այլ միջնորդություններ էլ. միջնորդել է այդ ժամանակ նշանակել դատաձեռագրաբանական եւ դատահոգեբանական փորձաքննություն, քանի որ տուժողն ասել է, որ ձեռքը ցավել է եւ «նոտարի մոտ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել, եւ նա չի ստորագրել իր բնակարանի վաճառքի վերաբերյալ փաստաթղթերը»:
Տուժողի բնակարանը գրավ դրածի եւ տուժողի միջեւ պայմանագիր է կազմվել, քրեական գործը այդ պատճառով կասեցվել է, Է. անունով ծանոթը 1.000.000 ՀՀ դրամ է փոխանցել՝ որպես տուժողին ունեցած պարտքի մարում:
Այդ գումարները բանկերից մեկում տուժողի անունից ավանդ է դրվել: Ա.Ն.-ն որեւէ գումար չի հանել, չնայած առկա էր տուժողի կողմից լիազուրագիր գումարները տնօրինելու մասին:
Ա.Ն.-ն օրերից մի օր հայտնում է, որ մեկնելու է հանրապետությունից, եւ գնում են տուժողի հետ ՀՀ փաստաբանների պալատ, որպեսզի մեկ այլ ներկայացուցիչ ներգրավեն: ՓՊ-ում ներկայացուցիչ չեն տրամադրում:
ՌԴ-ում գտնվելու ժամանակ տեղեկանում է, որ տուժողն ու իր ծանոթը իր դեմ բողոքներ են ներկայացրել, հարուցվել է քրեական գործ:
Տուժողը բազմաթիվ անգամ է հարցաքննվել: Նա Երեւանի քաղաքապետարանից 16.000.000 ՀՀ դրամ արժողությամբ բնակարան է ստացել: Բնակվել է մենակ: Օգտվելով իր վիճակից, տուժողի բնակարանը վաճառվել է 9.000.000 ՀՀ դրամով: Այդ պատճառով վարձակալել է մի բնակարան, որոշ ժամանակ այնտեղ բնակվել: Այս դրվագով ի հայտ եկած տուժողի քրոջ որդին վերցնելով իր տան վաճառքի գումարը, դիմել է փախուստի: Այդ ժամանակ ինքը դեռ Ա.Ն.-ին չէր ճանաչել:
Տուժողը հայտնել էր, որ իր ծանոթը ներկայացնելով ամբաստանվողին, հայտնել էր, թե նա փաստաբան է. «Ա. Ն.-ն իրեն չի ներկայացրել փաստաբանական գործունեության արտոնագիր, իսկ ինքն ամաչել է խնդրել, որ այն ներկայացնի»:
Ըստ տուժողի, Ա.Ն.-ն խոստացել է այնպես անել, որ իր բնակարանը վերադարձվի. «Ա.Ն.-ն փաստաբանական ծառայություն մատուցելու համար գումար չի ուզել: Պահանջված գումարը իրենց ընդհանուր ծանոթի ներկայությամբ տվել է Ա.Ն.-ին, ով ասել է, որ գումարը դատախազին կտա եւ երկու ժամից կվերադառնա: Գումարը տալու մասին փաստաթուղթ չի կազմվել: Երբ Ա. Ն.-ն 2-3 ժամ անց վերադարձել է, նրան հարցրել ենք, թե արդյոք գումարը տվե՞լ է դատախազին: Նա էլ կիսավիրավորված պատասխանել է, որ գումարն իրեն չի պահել: Ա. Ն.-ն ասել է, թե դատախազը հայտնել է, որ երբ արդեն իր գործն ուղարկվի դատարան եւ իմանան, թե ով է դատավորը, վերջինիս անուն-ազգանունը հայտնեն, որպեսզի նա դատավորին գրավոր դիմի՝ գործն իր օգտին լուծելու համար»:
Տուժողը իր ցուցմունքներից մեկում պնդել էր, թե Ա.Ն.-ն ՀՀ գլխավոր դատախազին դիմում չի գրել. «Ա.Ն.-ի` իր հանդեպ ունեցած անչափ բարի վերաբերմունքն իր համար տարօրինակ է եղել, ուստի նրան հարցրել է, արդյոք հնարավո՞ր է, որ նա իրեն խաբի»:
Տուժողը հայտնել էր, որ Ա. Ն.-ն իրեն ամեն օր տարել է ՀՀ փաստաբանների պալատ, որտեղ ինքը ժամերով սպասել է նրան: Կասկածներ ունենալու պատճառով ՀՀ փաստաբանների պալատին դիմում է գրել` հարցնելով, թե այդ անուն-ազգանունով փաստաբան կա՞, թե՞ ոչ, պատասխանել են` նա փաստաբան չէ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
25.08.2018