«Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման ժամանակ գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը մի խնդրի մասին բարձրացրեց: Նա հայտարարեց, որ բիզնեսներ գիտի՝ 150 մլն դրամի շրջանառություն ունեն, բայց ցույց են տալիս 50 հազար դրամի: Միրաքյանի խոսքով՝ «Այս պահի դրությամբ ունենք 12-13 հազար առեւտրի կետ Հայաստանով մեկ, դրան զուգահեռ ունենք սուպերմարկետներ՝ «Երեւան սիթի», «Զովք» եւ այլն, բոլոր ցանցերն իրար հետ վերցրած, կոպիտ հաշվարկով, 100 սուպերմարկետ ունենք: Բոլոր սուպերմարկետներն իրար հետ վերցրած երկրի մանրածախ առեւտրի 15 տոկոսն են փակում, բնականաբար, բոլորիս ուշադրությունը այս պահին կենտրոնացված է այդ 100 սուպերմարկետների այդ 15 տոկոսի վրա, քանի որ իրենց հետեւում որոշ դեպքերում կրիմինալ գումարներ կան, օլիգարխներ են: Որպես ձեռներեց ասեմ, թե մենք ինչ խնդրի ենք առնչվում՝ այդ մանր 12 հազար խանութները որ կան, այդ 12 հազարից 11 հազար 500-ը փաստաթղթաշրջանառությունը թաքցնում են: Ապրանքը տանում տալիս ենք, չի ուզում փաստաթղթով վերցնի, մենք բազմիցս այդ պատճառով տուգանվել ենք: Սա խնդիր է բիզնեսում, հեղափոխությունը այստեղ բան չի կարող անել, որովհետեւ մարդկանց գլխում է: 12 հազար բիզնեսմեն այսօր շատ ավելի դաժան օլիգարխ կդառնային իրենց խաբելու տեսանկյունից, ուղղակի իրենց ձեռքը հնարավորություն չկա: Պետությունը նրանց ուշադրություն չի դարձնում, իսկ դա առեւտրի 85 տոկոսն է: Եթե այդ 12 հազարին բերենք հարկային դաշտ, հարկային հոսքերը շատ ավելի մեծ կլինեն, քան թե այն 15 տոկոսը»:
Այս առնչությամբ երեկ Aravot.am-ը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին հարցրեց՝ ի՞նչ կասեք այս խնդրի մասին՝ նաեւ փոքր բիզնեսին հսկողության տակ պահելու, փաստաթղթաշրջանառությունը ապահովելու մասին: Նա պատասխանեց. «Ես համաձայն եմ տվյալ մտահոգության հետ: Ստվերը փոքր հարկ վճարողների մոտ տոկոսային առումով շատ ավելի մեծ է, քան խոշոր հարկ վճարողների մոտ: Այո, դա խնդիր է, որ կոնկրետ հարկ վճարողները հրաժարվում են փաստաթուղթ վերցնել՝ պատճառաբանելով հետեւյալը, որ եթե վերցնեն այդ փաստաթղթերը, ապա կհատեն շրջանառության հարկի շեմը՝ 115 մլն դրամը եւ կհայտնվեն ավելացված արժեքի հարկի դաշտում: Դուք նշեցիք թվաքանակը, թե ինչքան են փոքր հարկ վճարողները, ես կասեի՝ ավելի շատ են եւ մենք մեր աշխատանքային ռեսուրսներով հնարավոր չէ, որ միաժամանակ կարողանանք փակել այս դաշտը՝ վարչարարության իրականացման առումով: Դրա համար խնդրել ենք նաեւ մեր քաղաքացիներին, որպեսզի իրենք գնումների ժամանակ պահանջեն ՀԴՄ կտրոն եւ այդ փոքր բիզնեսի ներկայացուցիչներն արդեն ստիպված կլինեն վերցնել փաստաթղթերը, որովհետեւ հարկերի հաշվարկման ժամանակ, շրջանառության հարկի հաշվարկման ժամանակ իրացման շրջանառությունից նվազեցվում է փաստաթղթերով ձեռքբերումները: Այո՛, մենք խնդիր ունենք այդ մասով»:
ՊԵԿ փոխնախագահը գտնում է, որ որոշակի օրենսդրական փոփոխություններ է պետք նախաձեռնել, որպեսզի փաստաթղթավորումը մեր երկրում վերջնականապես կայանա. «Թողնել փաստաթղթավորման կայացումը միայն ՊԵԿ-ի վրա, ճիշտ չէ: Մեր կողմից հնարավոր չի լինի փակել այս դաշտը»:
Ռաֆիկ Մաշադյանը հավելեց, որ շրջանառության հարկ վճարողների դաշտում գործող կազմակերպությունների շուրջ 94 տոկոսը անցյալ տարվա տվյալներով ունեցել է մինչեւ 45 մլն դրամ շրջանառություն, ընդամենը 0,1 տոկոսն է հարկ վճարողների, որ հատել է այդ շեմը եւ դարձել է ԱԱՀ վճարող: Այսինքն, այն դիրքորոշումը, որ եթե իրացման շրջանառությունը ամբողջությամբ արտացոլվի, կհայտնվեն ԱԱՀ-ի դաշտում, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
25.08.2018