Լրահոս
Օրվա լրահոսը

«Համոզվեցի, որ գները տարօրինակ բարձր են». Գումի շուկայի առեւտրականները կատակներ են անում Փաշինյանի հետ

Օգոստոս 27,2018 13:52

Ինչպես տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գումի շուկայում շրջայց է կատարում: Նա առեւտրականներից հետաքրքրվում է, թե ինչպես են ապրում, գյուղմթերքն ինչու է թանկացել, ի՞նչ խնդիրներ կան: Վարչապետը նշեց՝ ահազանգեր կան, որ թանկ է, ուզում է համոզվել, նաեւ պատճառներն իմանալ:

Առեւտրականներն ասացին՝ «յոլա պիտի գնանք»: Վարչապետը արձագանքեց. «Յոլա գնալու ռեժիմը պիտի հանեք, հիմա յոլա գնալ չկա, պիտի առաջ գնանք, ինչքան յոլա գնացինք, հերիք է»:

Վարչապետը վարունգ վաճառողներին հարցրեց, թե հիմա ինչո՞ւ են ջերմոցի վարունգ վաճառում՝ այս ամառվա սեզոնին: Վաճառականներից մեկը պատասխանեց, որ դաշտերինը ուշ է լինելու. «Ես ինքս սեփականատեր եմ, ես եմ աճացնում»:

Վարչապետը հարցրեց՝ բա հլը պատմեք, ի՞նչ դժվարություններ ունեք:Վաճառականը պատասխանեց, որ ժամանակին պարարտանյութերի, սերմերի հարցն ունեն. «Դեղձը իմն է, բիբարը իմն է, Արտաշատից եմ՝ Գետազատ գյուղից: Հիմնականում Գումի շուկայում ենք վաճառում, միեւնույն ժամանակ ջերմոցներ ենք մշակում, վարունգ ենք դրել: Մի ամսից ջերմոցի պոմիդոր էլ կունենաք, լոբի էլ, բիբար էլ»: Վարչապետը հետաքրքրվեց՝ այդքան աշխատում եք, ո՞նց եք ապրում, անկեղծ ասեք, էլի, աճացնում եք, չէ՞, բարեկեցության ի՞նչ մակարդակ ունի ձեր ընտանիքը: Առեւտրական կինը պատասխանեց, որ ուսանող երեխաներ ունի: Կինը բողոքեց, որ հիմա առեւտուրը շուկաներից նվազել է. «Գոնե ժողովուրդը գա շուկաներից օգտվի: Հիմնականում օգտվում են սուպերմարկետներից, երբ սուպերմարկետը չկար, լավ էր: Մենք մեր ապրանքն էլ չենք կարողանում ծախենք: Ես բերում եմ, սուպերմարկետից էժան եմ դնում, ժողովուրդը կարող է չմոտիկանա: Մտնում ես խանութ՝ ահռելի գներ են, թառամած դեղձերը ավելի թանկ են, ժողովուրդը սովորություն է սարքել սուպերմարկետներից առնելը»:

Փաշինյանը պատասխանեց. «Դե երեւի հարմարության խնդիր է, մտնում են, ասենք, հաց էլ են առնում, կենցաղային իրեր էլ»:

Վարչապետը մոտեցավ լոլիկ վաճառող մի մարդու, պարզվեց՝ դաշտի լոլիկի 1 կգ-ի գինը 400 դրամ է ու չի էլ ճարվում: Վարչապետը հարցրեց՝ «խի՞ է այդպես»: Վաճառականն էլ պատասխանեց. «Ես շա՞տ իմանամ խի ա տենց, էս շոգից ա»: Վարչապետը հարցրեց՝ հիմա սուպերմարկետում ի՞նչ արժի պոմիդորը՝ վաճառականը պատասխանեց՝ ի՞նչ իմանամ, ես սուպերմարկետից չեմ օգտվում: Հետո պարզվեց, որ վարունգի 1 կգ-ն էլ արժե 500 դրամ: Փաշինյանը հարցրեց՝ բա այնտեղ՝ վերեւում ինչո՞ւ էր 700-800 դրամ, այստեղ՝ 500, գների այդքան տատանո՞ւմ է, վաճառականն էլ կատակեց՝ «Դե դու միշտ էլ մինչեւ վարչապետ լինելդ եկել ես, առել, գիտես՝ ես միշտ էլ էժան եմ ծախում»:

Սմբուկի գինը 250-300 դրամ էր 1 կգ-ի համար: Վարչապետն ասաց՝ բայց այնտեղ թանկ էր՝ առեւտրականներից մեկն էլ կատակեց՝ «էնի պուզատի ա»: Ըստ Փաշինյանի` սմբուկի գինը` 250 դրամ, թանկ է այս սեզոնի համար: Առեւտրականներն ասացին, որ մշակողները քիչ են: Վարչապետը հարցրեց՝ խի՞ են մշակողները քիչ, ջուր չկա՞, նա պատասխանեց՝ երեւի այո, ջուր չկա:

Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյան ասաց. «Համոզվեցի, որ, օրինակ, վարունգի, պոմիդորի, սմբուկի գները տարօրինակ բարձր են, իսկապես բարձր են, եւ ընդհանրապես տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցային լոլիկ ու վարունգ է հայտնվել շուկաներում, երբ Հայաստանի համար այս սեզոնին պետք է դաշտինը լիներ»:

Վարչապետն ասաց, որ խնձորի դեպքում հստակ մեխանիզմ է ձեւավորվել, ու շուկան կարգավորված է, գները կայուն են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031