Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ-ի համար հարկային պարտավորությունները պետք է կանխատեսելի լինեն

Օգոստոս 27,2018 14:00

Գործարարն ակնկալում է, որ տեղական արտադրողը պաշտպանված կլինի

ԱԺ նախկին պատգամավոր Արեգ Ղուկասյանը, որը ներկայում ղեկավարում է «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն, որպես հայաստանյան տնտեսության զարգացման առաջնային խնդիր մատնանշում է տեղական արտադրողների՝ պաշտպանվածության մակարդակի բարձրացումը: «Տեղական արտադրողը պետք է պաշտպանված լինի: Այդ մասին նաեւ վարչապետն է փաստել՝ ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացման ժամանակ: Արտադրողին պետք է օգնել: Ինչո՞վ: Օրինակ մատնանշեմ: ՀՀ է ներմուծվում արտադրանք՝ տեխնիկական աղ, որն իր որակական չափորոշիչներով չի համապատասխանում ՀՀ-ում արտադրվածի որակին, մինչդեռ այն անարգել սպառվում է մեր երկրում ու վատ դրության մեջ դնում տեղական արտադրողին»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Արեգ Ղուկասյանը: Նա դեռ օգոստոսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ահազանգել էր, որ Իրանից ներմուծվող էժան տեխնիկական աղը հայաստանյան սնունդ արտադրողներն են օգտագործում՝ սննդի աղի փոխարեն, ինչը ոչ միայն առողջապահության, այլեւ տեղական բիզնես-ոլորտի համար վտանգներ է պարունակում՝ բարեխիղճ մրցակցության տեսանկյունից: Մեզ հետ զրույցում էլ Արեգ Ղուկասյանը մանրամասնում է. «Եթե Իրանից Երեւան կերակրի աղը տեղափոխվում է 35 դրամով, ապա ինչպե՞ս է այն մաքսազերծվում 48 դրամով: Նշանակում է, որ աղի իրական գինը 13 դրամ է…չի կարող նման բան լինել: Աղ արտադրելու համար միայն 20 դրամ կազմում են էներգակիրները: Սա նշանակում է, որ պատկան մարմինները պետք է պարզեն՝ Հայաստանում այդ աղը ինչպե՞ս է իրացվել, եւ ներմուծողները որքա՞ն շահույթ են ստացել»:

Արեգ Ղուկասյանի բնորոշմամբ՝ նման պայմաններում տեղական արտադրողը չի կարող մրցել ներմուծողի հետ. «Օրենսդրությունը պետք է ապահովի, որ ավելի բարձր մակարդակի վրա լինի տեղական արտադրողի պաշտպանությունը: Իմ մատնանշած խնդիրը, կարծում եմ, միայն աղի արտադրության ոլորտին չի վերաբերում»: Իսկ թե ինչ վիճակում է փոքր եւ միջին բիզնեսը, Արեգ Ղուկասյանի խոսքով. «Իրավիճակը հասկանալի կլինի, եթե հարկային բեռը պարզեցվի: Այդ դեպքում փոքր եւ միջին բիզնեսը չի ձգտի արտադրություն ծավալել առանց փաստաթղթի: ՓՄՁ-ն հիմա այն վիճակում է, որ հարկային բեռը թեթեւացնելու համար ձգտում է առանց փաստաթղթի ապրանք առնել: Այս պարագայում պետք է հնարավորինս պարզեցնել, օրինակ՝ շրջանառության հարկի ոլորտը: ՓՄՁ-ն հստակ պետք է իմանա իր հարկային բեռը՝ հարկային օրենսդրության պարզեցման արդյունքում: ՓՄՁ ոլորտի հարկային օրենսդրությունը պետք է կանխատեսելի լինի եւ քիչ հաշվապահություն ենթադրի, որովհետեւ ՓՄՁ-ի համար մեծ հաշվապահություն պահելը խնդիր է»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

25.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031