Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում իրենց գործողությունները, ինչպես նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին Լուկաշենկոն պատմել է «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում, որի սղագրությունը ներկայացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մեր դիրքորոշումը հստակ է և հասկանալի: Ժամանակին մենք այլ թեկնածություններ էինք առաջարկում: Այդ ժամանակ մեզ չլսեցին»,- ասել է Լուկաշենկոն:
Նա տեղեկացրել է, որ Պուտինի հետ իրենք «ավելի խորն են նայել այդ խնդրին՝ Հայաստանի նոր ղեկավարության տեսանկյունից և այն քաղաքականության, որ վարում է Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը»:
«Մենք քննարկեցինք մեր ընդհանուր գործողությունները ՀԱՊԿ-ում և այն խնդիրները, որոնք այսօր առկա են հենց ՀԱՊԿ-ում, գործողությունների այն ուղղությունները, որոնց համար պատասխանատու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամները»,- ասել է Լուկաշենկոն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ