Փոքր ու միջին ձեռներեցների գործունեությունն է
մթնոլորտ ապահովելու՝ հետագա մեծ ներդրումների համար
Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց կառավարության գործունեության 100 օրը, ներկայացրեց նաեւ տնտեսական ցուցանիշներ՝ նշելով. «…Սովորաբար հեղափոխություններից հետո հեղափոխություններ վերապրած երկրներում տեղի են ունենում տնտեսական ցնցումներ: Սա գրեթե աքսիոմա է, եւ մեր հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ վերլուծական բոլոր կենտրոնները կանխատեսում էին, թե Հայաստանն անխուսափելիորեն մտնելու է տնտեսական անկման մի փուլ, որովհետեւ այդպես է ցույց տալիս հեղափոխությունների պատմությունը: Թեեւ կանխատեսում էին, որ սկզբից կլինի անկում, բայց եթե հեղափոխական կառավարությունը հաջողի, դրանից հետո հնարավոր է լինի տնտեսական աճ եւ ակտիվություն: Մեր հեղափոխությունը բացառիկ է նաեւ այն պատճառով, որ մեր հեղափոխությանը չհետեւեց տնտեսական անկում: Ընդհակառակը, հեղափոխությունից հետո արձանագրվում են տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշներ: Հունիս ամիսը հետհեղափոխական առաջին ամիսն է. գրանցվել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.9 տոկոս է, եւ կան բոլոր հիմքերը պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել»:
Ապա` հավելեց, որ տնտեսական աճի այն մոդելը, որն այսօր ունենք՝ մեզ ձեռնտու չէ. «Մենք ուզում ենք, որ տնտեսական աճի մոդելը փոխվի, որովհետեւ հասկանում ենք, որ դեռ շարունակում ենք մնալ այն հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում: Բայց ուզում եմ ասել, որ մենք հենց դա ենք փոխելու Հայաստանում: Մենք հին տնտեսական համակարգը, որը բացառող, դուրս մղող տնտեսական համակարգ էր, փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով: Սա նշանակում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միեւնույն հնարավորությունները, միեւնույն հասանելիությունը, միեւնույն ազատությունները, եւ բոլորը հավասար են լինելու օրենքի եւ հարկային մարմինների առաջ: Եվ ուզում եմ ասել. հիշում եք՝ 2017թ. աշնանը, ընդդիմադիր լինելով, ես հայտարարեցի, որ Հայաստանում շաքարավազի եւ բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 15-45 րոպե: Եվ այո՚, վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում ես վերացրել եմ բանանի եւ շաքարավազի մենաշնորհը: Եվ ասում եմ՝ այսօր Հայաստանում չկա՛ բանանի մենաշնորհ, չկա՛ բենզինի մենաշնորհ, չկա՛ ոչ մի բանի մենաշնորհ, կա՛ միայն իշխանության մենաշնորհ, եւ այդ իշխանության մենաշնորհի տերը դո՚ւք եք՝ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»:
Արդեն օգոստոսի 22-ին Փաշինյանը՝ ֆեյսբուքյան եթերում ազդարարեց, որ հարկային օրենսգրքի պարզեցման ենք գնալու, որոշակիորեն իջեցվելու է նաեւ եկամտահարկը: Նա մատնանշեց, որ Հայաստանի տնտեսության լոկոմոտիվի դերում լինելու է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը: «Տնտեսության լոկոմոտիվի դերում լինելու է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը: Կա հետաքրքրություն ներդրողների կողմից դեպի այս ոլորտը: Մենք պետք է զարգացնենք նաեւ արեւային էներգետիկան: Առաջիկայում լինելու են ներդրումներ էլեկտրատեխնիկայի արտադրության ոլորտում: Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական երկիր», – ասաց նա՝ հավելելով, որ այս ոլորտների զարգացումը կնպաստի նաեւ ռազմարդյունաբերության զարգացմանը, ինչից էլ կախված է երկրի անվտանգությունը:
Հիմք ընդունելով վիճակագրական տվյալները՝ Փաշինյանի գնահատականը, թե հեղափոխական փուլերին հաջորդում են տնտեսական ցնցումներ, ճիշտ են, Հայաստանում նման անկումներ չարձանագրվեցին՝ չհաշված որոշ գյուղմթերքների թանկացումը վերջին շաբաթներին: Փաշինյանի կառավարությունը, ակնհայտ է, որ կենտրոնացել է տնտեսական ցնցումներից զերծ մնալու քաղաքականություն վարելու ուղղությամբ: Փաշինյանն արդեն իսկ ցույց է տալիս, որ համակարգային փոփոխություններով է պատկերացնում կայուն զարգացում ապահովումը:
Առայժմ նկատելի է, սակայն, որ Հայաստանում օրինական եւ հավասար դաշտում աշխատելու հավաստիացումների ֆոնին՝ ներդրումների իրականացման կոնկրետ քայլեր չեն իրագործվում: Ըստ ամենայնի, դրա պատճառներից մեկն այն է, որ կառավարությունն էլ դեռ կոռուպցիայի արմատախիլ անելու ճանապարհին է, ավելին՝ խոստովանում են, որ այդ արատավոր երեւույթները դեռեւս առկա են: Հիշենք վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանի վերջերս արած հայտարարությունը, թե կառավարությունում մնալով՝ պաշտոնյաները կոռուպցիա են քարոզում: Անդրադառնալով Tert.am-ի դիտարկմանը, թե այլակարծության հետ կապված խնդիր է առաջանում, գուցե իրեն էլ վերադասը ինչ-որ բան է ասում, որի հետ համակարծիք չէ, դրա մասին հրապարակային արտահայտվելու իրավունք չունի՞, նա պատասխանել էր. «Ես այս հարցի վերաբերյալ նաեւ քաղաքական հայտարարություն կանեմ այն մասին, թե խոսքը կոնկրետ որ խումբ պաշտոնյաների մասին է: Այդ պաշտոնյաները շատ լավ գիտեն, թե ում է վերաբերում խոսքը: Եվ եթե որեւէ մեկին թվում է, թե իրենք կարող են աշխատելով կառավարությունում՝ կոռուպցիա քարոզել, իրենք չարաչար սխալվում են, չի լինելու նման բան: Այդ պաշտոնյաներին, եթե թվում է, որ իրենք, մնալով կառավարությունում, կարող են առիթից օգտվել եւ շարունակել կոռուպցիա քարոզ անել, կրկնեմ՝ չարաչար սխալվում են: Կառավարությունում կան մարդիկ, որոնք շարունակում են հին մեթոդներով աշխատել: Նման քարոզի փորձերն արդեն կասեցվում են»:
Որ դեռեւս կոռուպցիան համակարգային ձեւով արմատախիլ չի արվել, պարզ է: Բայց մեզանում դեռ արձանագրվում են նաեւ արատավոր այլ երեւույթներ, որոնց մասին բարձրաձայնում են ՓՄՁ-ների ներկայացուցիչները: Երկու շաբաթ առաջ բողոքի ցույց անցկացվեց Արտաշատում, որտեղ խանութներն ի նշան բողոքի չէին աշխատում: Բողոքի ցույցի դուրս եկած անհատ ձեռներեցների խոսքով՝ հարկային տեսչությունն իրենց քաղաքի տնտեսվարողների նկատմամբ անտեղի տուգանքներ է կիրառում: «Գալիս մտնում են խանութ, ՀԴՄ են ման գալիս, չեն գտնում՝ անցնում են աշխատողներին, խանութում երեք հարյուր հազարի ապրանք ունեմ, կես միլիոնի ակտ են գրում»,-«Ա1+»-ին ասել էր տնտեսվարողներից մեկը։ Ցուցարարները նշել էին, որ ցույցը նախազգուշական է, եթե խնդիրը չհանգուցալուծվի, գործադուլ կանեն։ Ցույցի մասնակիցներին հանդիպելու էր եկել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, կոչ էր արել՝ ներկայացնել փաստաթղթերը, որոնց հիման վրա քննություն կանցկացվի։
Aravot.am-ին ցույցի կազմակերպիչներից՝ Ալբերտ Հակոբյանը պարզաբանել էր, որ Արտաշատի հարկային տեսչության դիմաց հանրահավաք են կազմակերպել՝ ընդդեմ գանձումների պետ Ռաշիդ Մախսուդյանի: Նրա խոսքով՝ ՊԵԿ նախագահը խոստացել է ինչ-ինչ բարեփոխումներ իրականացնել: Ալբերտ Հակոբյանը պնդել էր, որ արտաշատցի տնտեսվարողներին հարկային տեռորի են ենթարկում եւ անտեղի տուգանքներ կիրառում. «Նախորդ անգամները հարկատուներին կանչելով՝ տեսուչների միջոցով առաջարկում էին գումար վճարել, ասում էինք՝ ի վիճակի չենք, մի քանի անգամ, այնուամենայնիվ, վճարեցինք, բայց հետո դադարեցրինք: Դրանից հետո սկսվեցին հարկային հետապնդումները մեր հանդեպ, տարատեսակ ստուգումները: Ընդ որում, եթե առաջին օրը չէիր վճարում, հաջորդ օրը 7-8-10 հոգով էին գալիս…»: Ալբերտ Հակոբյանը նաեւ տեղեկացրել էր. «Հանրահավաքից հետո ցուցարարների հետ հանդիպել են ՊԵԿ նախագահը, նրա տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը եւ ստուգումների պետ Զաքարյանը, ինչպես նաեւ նախարարը, նախարարի տեղակալը… Ներկայացրել ենք, որ սխալ ստուգումներ են կատարվում, առաջարկներ արել»: Նա հավելել էր, որ խնդիրը Արտաշատում համատարած բնույթ է կրում, եւ միայն Դավիթ Անանյանի հորդորից հետո են խանութները սկսել աշխատել. «Ի դեպ, տեսուչները մեղավոր չեն, Մախսուդյան Ռաշիդն է ստիպողաբար ամեն ինչ անում: Նա ՀՀԿ-ական Ռուստամ Մախսուդյանի եղբայրն է, նախկինում էլ ինչ խնդիր եղել է, Մախսուդյան Ռաշիդն ակնարկել է, թե ում եղբայրն է եւ իրեն կպնել չկա»:
Երբեմնի կոռումպացվածներին բացահայտելը, խոշոր գումարների խախտումներ հայտնաբերելը, ձերբակալությունները, եթե չիրագործվեն զուգահեռաբար համակարգային փոփոխություններով՝ մշտապես կունենանք տնտեսվարողներ, որոնք ժամանակ առ ժամանակ կխոսեն իրենց դեմ իրականացվող դաժան՝ «հարկային տեռորի» մասին: Երկրի ներսում օրինական դաշտում աշխատող փոքր ու միջին ձեռներեցների գործունեությունն է մթնոլորտ ապահովելու՝ հետագա մեծ ներդրումների համար:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
25.08.2018