Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ասատրյանի նոր աշխատությունը

Օգոստոս 27,2018 12:30

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական խորհուրդը օրերս լույս է ընծայել մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող, պատմաբան Արմեն Ասատրյանի «Հին Թիֆլիսի հայոց Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Մինաս եկեղեցիները» (Պատմություն եւ տարեգրություն) մեծածավալ գիրքը: Այն «Թիֆլիսի հայկական եկեղեցիները» շարքի հեղինակի երկրորդ գիրքն է: Առաջինը հրատարակվել էր 2016թ. եւ նվիրված էր Մողնու Սուրբ Գեւորգ եւ Սուրբ Նշան եկեղեցիների պատմությանը: Ինչպես նշել է հեղինակը՝ Թիֆլիսի հայկական եկեղեցիների պատմությունները կամբողջացվեն շուրջ 15 հատորով:

Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եւ Երեւանցոց Սուրբ Մինաս եկեղեցիները հնուց ի վեր կանգուն են Կուր գետի ձախափնյա հայաբնակ Հավլաբար թաղամասում: «Հաւլաբար» տեղանունը ստուգաբանվում է արաբերեն-պարսկերեն «հավալի» (մերձակայք, կողմանք) եւ «բոր» (բերդ, ամրոց, ապարանք) բառերով: 1910թ. Հավլաբարն ունեցել է 40,000, իսկ 1913 թ. մոտ 50,000 հայ բնակչություն: Այստեղ գործել են մի շարք հայկական եկեղեցիներ, որոնք եղել են մեկը մյուսից գեղեցիկ եւ յուրօրինակ շինություններ: Դրանց դեռեւս Սարգիս արք. Ջալալյանցը անվանել է «փառաւոր եւ հոյակապ»:

Շամքորեցոց Սուրբ Աստվածածինը Հավլաբարի կենտրոնում է եւ համարվել է տեղի հայ համայնքի գլխավոր եկեղեցին: Այն եղել է Թիֆլիսում գործող հայկական եկեղեցիների մեջ ամենաբարձրը՝ մոտ 40 մ.: Եկեղեցին շրջապատված է միահարկ բնակելի տներով, որտեղ բնակվել են Թիֆլիսում հայտնի մի շարք ընտանիքներ, որոնց արմատները Շամքոր քաղաքից էին (Թաիրյան, Տեր-Ղազարյան, Տեր-Ղուկասյան, Միրզախանյան, Իշխանյան, Հարությունյան եւ այլն): Այդ ընտանիքները բազմաթիվ նվիրատվություններ են կատարել եւ հատկապես մեծ ներդրում ունեցել եկեղեցու նորոգությունների ժամանակ: Իսկ ամենամեծ աջակցությունը ցուցաբերել են Տեր-Ղազարյանները:

Հավլաբարի այդ թաղամասում՝ 1760-ական թթ. վերջին բնակություն են հաստատել հիմնականում Շամքոր քաղաքից տեղահանված եւ այդտեղ գաղթած հայ ընտանիքները, ուստի այն կրել է նաեւ Շամքորեցոց անվանումը: Պատմական տեղեկությունները հավաստում են, որ Գանձակի գավառից հայ բնակչությանը Հավլաբար է տեղափոխել վրաց Հերակլ արքան: Շամքորեցիներին առաջնորդել է իրենց ծխատեր Ղազար քհյ. Տեր-Ղազարյանը, որն էլ 1770-ական թթ. կեսերին, հասարակության աջակցությամբ հիմնադրել է Շամքորեցոց եկեղեցին: Վրաց Էգնատի Իոսելիանիի գրառմամբ եկեղեցին կառուցվել է 1775թ., հանուն Աստվածածնի, առանց գմբեթի եւ փայտով ծածկված: Այն 1809թ. հիմնովին վերանորոգվել է…
Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, իշխանությունները հակակրոնական եւ անհանդուրժողական քաղաքականության արդյունքում սկսել են փակել ու քանդել հայկական եկեղեցիները: 1934թ. փաստաթղթերից մեկում նշվել է, որ Թիֆլիսի մի քանի եկեղեցիներ, այդ թվում եւ Շամքորեցոցը, խորհրդային իշխանությունների կողմից գրավվել է: Հետագա տարիներին եկեղեցու շինությունը ծառայել է տարբեր նպատակների: 1970-ական թթ. Շամքորեցոց եկեղեցին գործածվել է որպես պահեստ, իսկ 1980-ական թթ.՝ որպես վրաց նկարիչների արվեստանոց: 1989թ. ապրիլի 14-ին եկեղեցին կործանվել է, փլվել է գմբեթը, եւ պատերն ավերվելով՝ ստացել են վտանգավոր ճաքեր: Վրաց իշխանությունները հավաստիացրել են, որ եկեղեցին կործանվել է նախորդ օրը՝ ապրիլի 13-ին Թբիլիսիում տեղի ունեցած 4 բալ ուժգնությամբ երկրաշարժից: Սակայն ականատեսների վկայությունները հավաստում են, որ իշխանությունները եկեղեցին սկսել էին քանդել հատուկ նպատակով: Ներկայումս եկեղեցին ավերակ եւ անխնամ վիճակում է…

Աշխատության գլխավոր նպատակն է եւս մեկ անգամ ապացուցել, որ Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եւ Երեւանցոց Սուրբ Մինաս եկեղեցիները զուտ հայկական մշակութային հուշարձաններ են՝ դրանցում գործունեություն ծավալած հայ հոգեւորականներով: Այդ եկեղեցիները երբեք չեն պատկանել Վրաց եկեղեցուն: Դրանք անդադար գործել են Հայ Առաքելական եկեղեցու իրավասության տակ եւ վրացական պատկանելության պնդումները անհիմն են:

Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եւ Երեւանցոց Սուրբ Մինաս եկեղեցիները Թիֆլիսի հայ համայնքի պարծանքն էին, սրբացված աղոթատներ, որոնց դռները շուրջ երկու հարյուրամյակ բաց են եղել հավատացյալների համար: Այսօր դրանք խոնարհված ու կիսաքանդ սպասում են վերանորոգման, խնամքի ու հոգածության, եւ անվերապահորեն վերադարձմանը հայությանն ու բոլոր հավատացյալներին:

ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ճարտարապետ

«Առավոտ»

25.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031